Ինչո՞ւ Դերժավի Արկադը սպանդանոց չի բացել
2016-07-27 20:57:00



Ինչո՞ւ Դերժավի Արկադը սպանդանոց չի բացել

Երբ ժամանակին մի քանի հրապարակումներով անդրադարձանք չարաբաստիկ «Սլավմեդ» բժշկական կենտրոնին, որտեղ նորածիններ և ծննդկաններ էին մահանում բուժանձնակազմի մեղքով, առողջապահության համակարգի պատասխանատուները ամեն գնով փորձում էին փրկել գործընկերների վարկը՝ պնդելով, թե բոլոր դժբախտ դեպքերը պայմանավորված են եղել այլ գործոններում: Սակայն նրանց բուռն արձագանքը նաև մեկ ուրիշ պատճառ ուներ: Բանն այն է, որ հիշյալ կենտրոնը պատկանում է ԱԺ պատգամավոր, «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների սեփականատեր Արկադի Համբարձումյանին (Դերժավի Արկադին), իսկ օլիգարխիային պաշտպանելը որոշ պաշտոնյաներ համարում են իրենց անմիջական պարտականությունը:


Հիմա արդեն Դերժավի Արկադի պաշտպանները ստիպված են ճաշակել իրենց ցանած սերմերի հերթական դառը պտուղը: Հուլիսի 26-ին նույն այդ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով երեխա ունեցած կնոջ վիճակը վատացել էր, նրան այսօր վաղ առավոտյան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ժամեր անց կինը մահացել է: «Ռեանիմացիայի կարիք կար, տեղափոխեցինք բազմապրոֆիլ հիվանդանոց»,- թղթակցին ասել է «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան վարիչ Վարդան Ռափյանը` հորդորելով այլ մանրամասներ ճշտել այն հիվանդանոցից, որտեղ ծննդկանը մահացել է:


Այդպես շատ հարմար է՝ մանրամասները ճշտել իրենց պատերից դուրս, քանի որ ներսում թաքցվող մանրամասները սովորաբար սահմռկեցուցիչ են լինում, իսկ դա բոլորովին դուր չի գալիս Արկադին:

Այս մարդը բժշկական կենտրոն բացել է ոչ թե մարդասիրական մղումներից դրդված, և ոչ էլ նպատակը ինչ-որ մեկին բուժելն է, այլ հիվանդների հաշվին փող կուտակելը, որը տարեվերջին սովորաբար ներկայացվում է որպես նվիրատվություն:

Իսկ որ ժամանակ առ ժամանակ նրանք վախճանվում են, սա Արկադին կարող է վշտացնել միայն մի բանի համար՝ եկամուտների անկման:


Դժվար է ասել, թե իր ընչաքաղց հակումներին հագուրդ տալու համար ինչո՞ւ այս պատգամավորը հատկապես հիվանդնոց հիմնեց՝ վերածելով այն մարդկային ողբերգությունների ու կորուստների մշտական վայրի:

Արկադին ավելի կսազեր սպանդանոց կառուցել, որը նույնպես եկամտաբեր բիզնես է: Համ մարդիկ ողջ կմնային, համ էլ նա իր արյան ծարավը կհագեցներ:

shame.am

Այս նյութը դիտել են - 4873 անգամ