Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել. ԱԱԾ
2016-07-17 02:06:00

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար 
տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս եկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:
ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը և 
ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: 

Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար:

Այս նյութը դիտել են - 1408 անգամ