Նոր տրիո՝ Գռզո & company...
2016-07-16 01:18:00
 
Գռզոն, Արսոն ու Արոն կյանքը կտան հանուն հայ ժողովրդի
Արդեն իսկ բացահայտ է դառնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանալու են «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» կարգախոսով, այսինքն` չի լինելու ոչ մի գաղափարական ընդհանրություն, չի լինելու ոչ մի քաղաքական կողմնորոշում կամ համագործակության ավանդական հիմք: Նպատակն արդարացնելու է միջոցները, իսկ միջոցներն իրենց հերթին լինելու են ոչ միայն արտառոց, այլև ամոթալի: Եվ այսպիսի նախատրամադրվածության պայմաններում այլևս զարմանալի պիտի չթվան տեղեկություններն այն մասին, թե ով ում հետ է պատրաստվում հարթել նպատակ տանող ճանապարհը: Վերջերս իշխանության բարեհաճությունը շահած և բուռն ծաղկում ապրող Խաչատուր Սուքիասյանը (Գռզոն), առաջնորդվելով այն ճշմարտությամբ, որ ախորժակն ուտելիս է բացվում, հիմա արդեն իրեն իրավունք է վերապահում վերստին մտածել մանդատ ունենալու մասին: Բայց քանի որ նա արդեն իշխանության մարդն է ու Լևոն Տեր-Պետրոսյանից չի կարող նման բան ակնկալել, նախաձեռնել է մի տրիոյի ձևավորում, որին պիտի անդամագրվեն ինքը, ՄԱԿ-կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը և ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը:
Առաջին հայացքից անհամատեղելի թվացող երեք գլուխների առկայությունը նույն կաթսայի մեջ ընդամենը առաջին հայացքի տպավորություն է: Իրականության մեջ երեքն էլ չեն զիջում մեկը մյուսին և գերազանց հասկանում են, թե որքան շատ անբարոյականություն կարող է լինել այդ արհեստածին միության մեջ: Իսկ այդ գիտակցումն առավելապես է սրում խայտառակ գործարքն ավարտին հասցնելու կիրքը:
Աշխատանքի բաժանումը կատարվել է արդարաբար: Գռզոն կտա փողի հիմնական մասը, Արսենյանը կտա կուսակցությունը (մի քիչ էլ փող), իսկ Զուրաբյանը կտա հին ժամանակների քաղցր հիշողությունները և «մեսիջներն» այն մասին, որ անցյալին տանող կամուրջները չեն այրվել, պարզապես նոր ժամանակները նոր խաղի կանոններ են թելադրում:
Ի դեպ, նկատենք, որ վերևներում ոչ միայն դեմ չեն, այլև խրախուսում են այս անբարոյական քաղաքական զավակի ծնունդը: Իսկ դա միանգամայն հասկանալի է: Բաղրամյան 26-ում ոչ միայն վտանգ չեն տեսնում նրանց գործողություններում, այլև տեսնում են բացառապես հարազատ, կառավարելի և ծառայամիտ դեմքեր: Այնպես որ, եթե նույնիսկ եռյակ դաշինքը հաջողության հասնի, դա ոչ մի գնով իշխանության անհաջողությունը չի դիտվի:
shame.am
Այս նյութը դիտել են - 1977 անգամ