ՄԵՐ ՀՈՂԸ ՄԻՇՏ ԷԼ ԱՐՏԱՍՎԵԼ Է ՑԱՎԻՑ...
2016-07-16 00:09:00

Ուզում եմ մեր երկրի հին ու նոր պատմությամբ զգոնության կոչ անել ամենքիս, որ երբեմն կործանվել ենք, զոհեր տվել, երբեմն գաղթ ենք տեսել, հաղթանակ կռել, բայց նորից ոտքի ենք կանգնել, և երբ մենք տուն ենք շինել քարափների վրա, նույնիսկ հողաշեն խրճիթներում ենք ապրել, այդ նույն ժամանակ հեռավոր ափերում տափարակների վրա քաղաքներ են հառել, որ այնտեղից աշխարհի տերերը մեզ հսկեն և բարօրության հերթական քարոզներով դառը ճակատագրի ապավիածներիս բախտը որոշեն:

Որքան էլ սպառնալիքներով մեր դուռը ծեծել են, համառ կամքով ապրել ենք, երբեմն գոռացել, թնդացել է մեր ձայնը, ինչպես լեռներն են գոռում ահեղամռունչ, երբեմն ըմբոստացել ենք, հենվել գաղթականի ցուպին, տեղից տեղ ենք գնացել, բայց նորից եկել ենք, նոր օջախ ստեղծել, որ նորից ապրենք: Մեր գլխին արկեր են թնդացել, հողն էլ, իր ծոցում գրկած իր զավակներին, արտասվել է ցավից, հացն էլ արնոտվել է արկերի հարվածներից, չքավորության անդունդի մի ափից անցել ենք մի ուրիշ ափ, ուրախացել ու տխրել, կարոտել ու արտասվել, բայց հողը նորից գտել է մեզ, ձյունոտ, թե արևոտ մեր հողը միշտ արտասվել է, ու մենք էլ՝ նրա հետ…

Հայրենական հողն ամեն պահ մասնակցել է մեր տրամադրություններին, այս օրերին էլ մեր մեջ խոսում է հողի ձայնը, որ այնքան տխուր է, տառապած, բայց նաև հերոսացած, համառ ու անսասան: Որքան էլ քարոտ ու կոշտ է եղել հողը, էլի սիրել ենք այն ու պիտի սիրենք, հենց այդ սերն է, որ երկու պատերազմ տեսած ժողովուրդս շարունակում է արարել մայր հողի վրա՝ հույսի մեղեդին ձուլած մեր հերոսական ոգուն:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1467 անգամ