Արցախը կհրապարակի աշխարհասփյուռ հայության փոխանցած գումարների ծախսերի հաշվետվությունը
2016-07-08 22:37:00

Արցախի կառավարությունը հուլիսի 11-ին կհրապարակի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ-ում բացված հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարների ծախսերի եռամսյակային հաշվետվությունը՝ ընդհանուր տվյալներով՝ առանց բացահայտելու ռազմական գաղտնիք պարունակող մասերը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը հիշեցնելով, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովին է ներկայացվել ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը:

 «Հատկապես նրանք, ովքեր հատուկ հաշվեհամարի գումարների ծախսման մասով անվստահություն ունեն կառավարության հանդեպ, պետք է հաշվի առնեն, որ ԱԺ-ին (այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներին) են ներկայացվել բազմաթիվ մանրամասներ, որոնք կրում են գաղտնի տեղեկատվություն:

Սա նշանակում է, որ պատգամավորները կարող են ամբողջությամբ վերահսկել ծախսերը և, որևէ խնդիր նկատելիս, բարձրաձայնել դրա մասին: Կառավարությունը պարբերաբար հրապարակում է հատուկ հաշվեհամարի մուտքերի հաշվետվությունը, իսկ հուլիսի 11-ին կհրապարակի ծախսերի եռամսյակային հաշվետվությունը՝ ընդհանուր տվյալներով՝ առանց բացահայտելու ռազմական գաղտնիք պարունակող մասերը:

Ավելին՝ մոտակա ժամանակահատվածում հատուկ հաշվեհամարի գումարներով կատարված աշխատանքները ներկայացնելու ենք նաև մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, ովքեր վստահություն են վայելում հասարակության շրջանում»,-հայտարարում է Բեգլարյանը:

Այս նյութը դիտել են - 1389 անգամ