ՏԱԳՆԱՊԱԾ ՀՈԳԻՍ ԵՐԳՈՒՄ Է ԱՆՁԱՅՆ...
2016-07-01 09:55:00
Անձրևոտ օրս գրկում եմ կամաց, հոգուս ծալքերի անունների մեջ մի կտոր Կարոտ, մի փոքրիկ Հավատ, կողք կողքի կանգնած, սպասում են միշտ ծիածանների գունեղ շքերթին, անձրևից հետո ինձ բաժին հասած այն գունեղ մեկին, որ ծեքծեքում է, երևում հանկարծ և կամ կորսվում անհայտ ու անտես:
Արևոտ օրս պայծառ խենթությամբ սպասեցնում է ինձ արշալույսների հրավառության մի նոր հանդեսի, որ հրճվանքով լի պիտի շողշողա, բայց ես չգիտեմ՝ իմ անգոյությամբ, գուցե գոյությամբ այնտեղ կլինե՞մ, թե չեմ լինի ես: Անորոշության պահերին անգամ կարեկցում եմ երբեմն նրանց, ում էության մեջ կարեկցանք չկա, անտարբերության չարիքի դեմ էլ երբեմն անձայն մաքառում եմ ես, որ միտքս հանկարծ չապավինի անհուսության թանձր մշուշին: Անզորությունս երբ լաց է լինում, սթափ հայացքով սաստում եմ նրան, որ պարտությունս հեռու մնա հոգիս պաշարած անհույս խավարից:
Անկայուն մտքի անզորության դեմ փրկության ելքը գտնելու համար՝ լարված օրերիս անելանելի ապրումների մեջ հենվում եմ հանկարծ երազանքներիս խորքում ծվարած իմ էությանը, որ հույս է դառնում, երբեմն հավատ, որ սեր է դառնում, երբեմն կարոտ, որ կյանք դառնում ու մի նոր աղոթք, չարիքին ուղղված խոստովանության մի նոր եղանակ…

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, 
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ 
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1251 անգամ