Փողը խոստացան տալ մինչև կկվի ձեն ածելը...
2015-12-17 19:19:00

      Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասել է, որ գյուղատնտեսական տարին չափազանց հաջող է եղել մեր երկրի համար: Հիմա պետք է ամեն բան անել, որ Սաֆարյանի այս խոսքերը գյուղացիների ականջը չընկնի, այլապես Սաֆարյանից մեծ կտորը հենց ականջը կմնա:

    Հիշյալ պարոնի տրամաբանության համաձայն, տարին հաջող էր, քանի որ Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 68-70 հազար տոննա միրգ ու բանջարեղեն, որոնցից 10 հազարը՝ խաղող: Իսկ այն, որ այդ բերքն աճեցրած հողագործները դատարկ ձեռքերով ու գրպաններով մնացին, որ հազարավոր տոննաների բերք այդպես էլ փչացավ այգիներում ու դաշտերում, դա նրան առանձնապես չի մտահոգում: Կարևորն այն է, որ արտահանող ու վերավաճառող ընկերությունները, ովքեր մթերեցին բերքը, իսկ փողը խոստացան տալ մինչև կկվի ձեն ածելը, այս ձմեռ և հաջորդ բոլոր տարիներին կվայելեն ուրիշի քրտինքով վաստակած միջոցները: Դրա համար էլ Սաֆարյանը սիրում է խոսել ոչ թե թալանված գյուղացիների հոգսերի մասին, այլ նրա, որ Հայաստանը կարող է մինչև 150 հազար տոննա գյուղատնտեսական ապրանք արտահանել ու, հաշվի առնելով այս չափանիշները, եկել է նոր տնտեսական քաղաքականություն մշակելու ժամանակը:

      Թե ինչպիսին պիտի լինի նոր քաղաքականության սաֆարյանական տեսլականը, արդեն դժվար չէ կռահել: Մարդը, ով կարծում է, թե մթերքը նրա համար է, որ արտահանվի, այլ ոչ թե բավարարի սեփական ժողովրդի կարիքները, չի կարող այլ չափորոշիչ ունենալ, քան առավելագույնը պլոկելու մարտավարությունը: Այդ իսկ պատճառով էլ առաջին քայլը, որը պետք է անել, ոչ թե նոր տնտեսական քաղաքականություն մշակելն է, այլ Սաֆարյանի ղեկավարած կառույցի անվանափոխությունը: Հայաստանի ապրանքարտադրողների միությունը թող այսուհետ կոչվի Հայաստանի ապրանքպլոկողների միություն:

 http://www.shame.am/news/view/61353.html

 

Այս նյութը դիտել են - 1471 անգամ