Մ Ա Ն Ր Ա Պ Ա Տ ՈՒ Մ. Քնից արթնացած մի վախվորած սեր
2016-06-25 22:24:00

                                              Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց:

                                                                                                Պ. Սևակ

Այդ փոքրիկ հուշը օրերի մեջ կարծես կորցրել էր թրթիռները հոգու, որ պարուրված էր նրանց սրտի զարկերի անմեղ սոսափով: Նիրհած մի սեր, անմոռաց մի հուշ երկարատև քնից պիտի արթնանար, իր անուշ բույրով իր շուրջը փռեր մի սիրուն հրճվանք: Գերող խոսքերով պարուրած հոգին պիտի ճչար իր սիրո մասին, գգվող երկու սիրտ տրոփող սրտով, անափ կարոտով պիտի մարեին անուրջների մեջ: Արթնացած սերը հրճվալի ձայնով գունավորել էր նրանց աշխարհը, երփներանգվում էր, վախվորած ճչում, կարոտով հանկարծ փարվում էր, գրկում, մեղմ շշնջում էր սիրառատ խոսքեր, կորցրած մի երազ գտել էր նրանց:

Սիրտը անհանգիստ տրոփում էր միշտ, անտես մի ցնորք եկել է թառել իր հոգում անբիծ, վախվորած մի սեր, քնից արթնացած, բացած թևերը իր գիրկն է առել մի փոքրիկ անցյալ, մի սիրուն երազ ու երազի մեջ` մի անցյալի հուշ: Ծիծաղներ կային, մանրիկ ժպիտներ, որ իրար փարված գգվող հայացքով նայում են իրար: Մարում է խոսքը նրանց շուրթերին, հանկարծ վեր թռչում, պատեպատ զարկվում, վախվորած մի ախ, կորցրած իրեն, փախչում է կարծես, ու նորից գալիս փարվում է նրանց:

Սիրո խոսքերով պարուրած հոգին` գգվում է նրան անափ կարոտով, բայց հանկարծ անտես մի տխուր հառաչ, իր սաստող ձայնով թևերը բացած, իր գիրկն է առնում մի անցյալի հուշ, մի փոքրիկ երազ, անտես ու անհայտ տանում է նրանց, կարծես չի եղել մի վախվորած սեր` անբիծ ու մաքուր, քնից արթնացած...

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,  
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1324 անգամ