Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետի հետ
2016-06-20 20:51:00

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ Երևանի քաղաքապետը կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ Երևանի և Մարսելի միջև հաստատված ավելի քան 20-ամյա պատմություն ունեցող համագործակցությունը տարեցտարի էլ ավելի է զարգանում ու ընդլայնվում, ինչը մեծապես պայմանավորված է նաև հենց տեղի հայ համայնքի ու ազգային կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ: 

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները` Դիդյե Փարաքյանն իր հերթին նկատել է, որ համագործակցության շրջանակում նախանշված բոլոր ուղղություններով այսօր նպատակային աշխատանքներ են տարվում, ինչը թիմային արդյունավետ աշխատանքի արդյունք է: Մարսելի հայազգի փոխքաղաքապետը նաև նշել է, որ, ամեն անգամ Երևան այցելելով, հաճույքով արձանագրում է դրական այն փոփոխությունները, որոնք տեսանելի են յուրաքանչյուր քայլափոխի և Երևանի կայուն զարգացման ամենախոսուն վկայությունն են: Մարսելի քաղաքապետի անունից Դիդյե Փարաքյանը նաև պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ընդլայնելու երկու քաղաքների միջև փոխգործակցությունը՝ նկատելով, որ երկուստեք կա դրա համար համապատասխան ներուժ:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 
Այս նյութը դիտել են - 1685 անգամ