Թալիշի գումարտակի փոխհրամանատարը հորդորում է ներողություն խնդրել Ժիրայր Սէֆիլյանից
2016-06-20 00:41:00

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդագրություն

Ժիրայր Սէֆիլյանին զրպարտելու նպատակով վարչախմբի պատվերով պատրաստված՝ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկումը   (https://www.youtube.com/watch?v=eQJG3eZtBg8) վրդովմունքի ալիք է առաջացրել հասարակության և Արցախյան պատերազմի մասնակիցների շրջանում։

Մարդիկ սոցիալական ցանցերում և հեռախոսազանգերով իրենց զայրույթն են արտահայտում կատարվածի առթիվ: Շատերը նաև կոչ են անում շարունակել ականատեսների և բուն ռազմական գործողությունների մասնակիցների շուրթերով ճշմարտության լուսաբանումը և վարչախմբի ստոր ու զրպարտչական գործունեության բացահայտումը:

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը խնդրո առարկա ռազմական գործողության մասնակից Վահան Գեղամյանի հարցազրույցով հանրությանն արդեն ներկայացրել է իրականությունը (տես կից տեսանյութը) https://www.youtube.com/watch?v=4U8gC_4GI9M:

Սակայն, հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև կարևորելով մեկից ավելի աղբյուրներից ճշմարտությունը տեսանելի դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային պահանջը, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը ներկայացնում է ևս մեկ տեսանյութ, որտեղ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանը ներկայացնում է խնդրո առարկա ռազմական գործողության ձախողման հարցում, ինչպես նաև Թալիշի առաջին (1992 թ.) տեղահանության ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի դեմ պատրաստված զրպարտչական հաղորդման գլխավոր հերոս Արարատ Սարգսյանի և նրա գործընկեր Վալո Սիմոնյանի դերակատարությունը։

Ռուդիկ Խաչատրյանն իր խոսքի ավարտին նրանց հորդորում է ներողություն խնդրել Ժիրայր Սէֆիլյանից՝ ըստ էության այդ զրպարտությանը կամա թե ակամա մասնակից դառնալու համար:

Ստորև՝ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանի հարցազրույցը

Ա1+

Այս նյութը դիտել են - 1469 անգամ