ԷՋՄԻԱԾՆՈՒՄ 298 ՓՈՔՐԻԿ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
2016-06-10 11:14:00

Մանկապարտեզը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր փոքրիկի դաստիարակության գործում: Այն նախապատրաստում է երեխաներին դպրոցի համար: Մանկապարտեզի օրակարգում շատ ժամանակ է հատկացվում բազմազան, հատկապես` դիդակտիկական խաղերին, որոնք նպաստում են խոսքի և լսողության, հաշվելու, գույների իմացության և այլ կարողությունների զարգացմանը:

Պարապմունքների ընթացքում երեխաները ծանոթանում են բնության երևույթներին և հասարակական կյանքին, սովորում նկարել, կառուցել, երգել, տիրապետում տարրական գիտելիքների։ Ահա սերտած այս գիտելիքները Էջմիածնի բոլոր 8 մանկապարտեզների ավագ խմբերի սաները ներկայացրեցին ծնողներին եւ հյուրերին ավարտական հանդեսի ժամանակ: 
Էջմիածնի մանկապարտեզներն ավարտած սաները այս տարի առաջին անգամ, քաղաքապետարանի նախաձեռնությամբ ավարտական վկայականներ ստացան:

Կոմիտասի անվան մշակույթի պալատում քաղաքապետարանը միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց դեպի դպրոց քայլ անող փոքրիկներին եւ նրանց ավարտական վկայականներ եւ դպրոցական պայուսակներ հանձնեց: 

Մանկապարտեզի տարիներին առաջադիմությամբ առավել աչքի ընկած եւ կազմակերպած միջոցառումներին ակտիվ մասնակցած մանուկների ծնողներին քաղաքապետը շնորհակալագրեր հանձնեց:
Այս տարի Էջմիածնի մանկապարտեզները դպրոց ճանապարհեցին 298 փոքրիկի:



Այս նյութը դիտել են - 1588 անգամ