Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետի հետ
2016-06-07 21:43:00

Հունիսի 6-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ՝ իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Դեսպան Չարչօղլյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննային երկար տարիների սերտ համագործակցության և բազում հարցերում ցուցաբերած աջակցության համար:

Կողմերը երկուստեք գոհունակությամբ ընդգծեցին հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի շարունակականությունը և համապատասխան փոխայցելությունների կազմակերպումը: Իր հերթին նահանգապետ Ալ Մուհաննան վերահաստատեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ իր հանձնառությունը` վստահեցնելով, որ ամեն կերպ պատրաստ է նպաստել դրանք կյանքի կոչելուն:

Հանդիպման ավարտին Էլ-Քուվեյթի նահանգապետը հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ և հանձնեց պատվո հուշամեդալ` ի հիշատակ դեսպան Չարչօղլյանի առաքելության տարիների ընթացքում ստեղծված ջերմ հարաբերությունների և սերտ համագործակցության:

mfa.am

Այս նյութը դիտել են - 1592 անգամ