Րաֆֆին հեղափոխություն է պահանջում գողական աշխարհում...
2015-12-16 00:21:00

Տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ ընդդիմադիրները որոշել են հրաժեշտ տալ մեղսունակ կյանքին և իրենց կործանման գնացող քաղաքական կարիերան ինչ-որ կերպ երկարաձգել գժության միջոցով: Այն, ինչ անում է Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովում կամ Ստրասբուրգում, միանշանակ նորմալ մարդու արարք չէ: Զուրաբյան Լյովիկին այս կնոջ հետ չես համեմատի, բայց նա էլ իր հնարավորությունների սահմաններում դիմում է գժության փրկարար ուժին: Արամ Մանուկյանը բացեիբաց թուղթուգիր է անում իշխանություններին հանրահավաքի ժամանակ` չունենալով որևէ միտք, գաղափար և ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելու ուղեղ: Բայց սրանց բոլորին գլխում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս արևմտամետ ամերիկյան գործիչը Հայաստան է ներմուծվել վաղուց, սակայն նրա իսկական կերպարը բացահայտվեց 2007-ից սկսած: «Բադասխան» է պահանջում բոլորից, և դրանով սահմանափակվում է նրա արդար միտքը՝ տեղը զիջելով գժությանը: Իսկ այն, ինչ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, իրոք պատմական նշանակություն պետք է ունենա հոգեբուժության և թատերական արվեստի համար: Նա հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետերի, կուսակցական հանցագործների և թաղային հեղինակությունների հրաժարականը: Այն, որ կարելի է պահանջել ցանկացած իշխանավորի հրաժարականը, հասկանալի և բնական երևույթ է: Բայց որ քրեական հեղինակությունների հրաժարականը պահանջեն՝ չտեսնված բան է աշխարհում: Եթե Րաֆֆին պահանջում է, ասենք, օրենքով գող Զապի հրաժարականը, ապա ինչպե՞ս է նա պատկերացնում դրա իրականացումը: Զապին իմփիչմենթի ենթարկելու մեխանիզմ չկա, իսկ եթե կա, ապա այն պետական մարմիների գործը չէ: Իսկ եթե Զապը կամավոր հեռանա ասպարեզից, ապա ո՞ւմ կուզենար նրա տեղը տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի վերջո, երբ խոսում ես հրաժարականի մասին, ենթադրվում է, որ տեղի պիտի ունենա տվյալ անձի փոխարինում մեկ այլ անձով:

Մի խոսքով՝ գժանոց: Բայց պետք է ասել, որ նման ընդդիմությունն ուղղակի նվեր է ցանկացած իշխանության համար: Ո՞ր մի միջազգային կառույցին, ո՞ր մի դեսպանին սրանց արածները ցույց տաս, և նրանք չհաստատեն սրանց կատարյալ անմեղսունակությունը: Բայց նման ընդդիմությունն ուղղակի ողբերգություն է ժողովրդի համար, և ողբերգական փաստ է, որ ժողովուրդը Րաֆֆիին 2013թ. 30 տոկոս ձայն տվեց: Սա խոսում է նաև հանրային գիտակցության դեգրադացման մասին. այդ ի՞նչ աստիճան մարդիկ պետք է զզված լինեն թե՛ իրենց երկրից, թե՛ իշխանություններից, ի՞նչ աստիճան պետք է զուրկ լինեն մտածելու ունակությունից, որ Րաֆֆիին հսկայածավալ քվե տան` տեսնելով, թե ինչ է Րաֆֆին, ինչով է զբաղված կյանքում։  

Աղբյուրը՝ 

Այս նյութը դիտել են - 1586 անգամ