Թաթուլ Հակոբյանը Լոս Անջելեսում Խոսել Է Արցախյան Պատերազմի Եվ Ներկա Իրավիճակի Մասին...
2016-06-01 16:02:00

Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսյանի հովանավորությամբ և ներկայությամբ, Համազգայինի Շրջանային վարչության և «Ասպարեզ» օրաթերթի կազմակերպությամբ՝ Լոս Անջելեսում, Մայիսի 26-ի երեկոյյան, լրագրող Թաթուլ Հակոբյանը Արցախյան 4 օրյա պատերազմի, ներկա իրավիճակի և բանակցությունների մասին հրապարակային զեկույց է ունեցել շուրջ 150 հոգանոց լսարանի առաջ:

Հանդիպումը, որ տեղի է ունեցել Ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տեր Ղազարեան» սրահում, բացել և վարել է «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբօ Պողիկյանը: Ներկա էին հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, ամերիկահայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, Թաթուլ Յակոբյանի ընթերցողներ:

Շուրջ երկու ժամ տևած ելույթից և հարց ու պատասխանից հետոյ տեղի է ունեցել Թաթուլ Հակոբյանի եւ «Անի» կենտրոնի հրատարակութունների շնորհանդես-վաճառք: Ներկաներին ներկայացվել են Հակոբեանի «Կանաչ Ու Սև. Արցախյան Օրագիր»-«Karabakh Diary, Green and Black», «Հայացք Արարատից. Հայերը Եւ Թուրքերը»-«Armenians and Turks», Եղիշե Քաջունու «Զօրավար Անդրանիկ» գրքերը եւ «Անի» կենտրոնի վերջերս հրատարակած «ՀՅ Դաշնակցությունը Անելիք Ունի՞, Թե Չունի» խորագրով հաստափոր հատորը (Հովհաննես Քաջազնունի-«ՀՅ Դաշնակցութունն Անելիք Չունի Այլևս», Սիմոն Վրացյան-«Խարխափումներ», Արշակ æամալեան-«Հ. Քաջազնունին և ՀՅ Դաշնակցութունը», Ռուբեն Դարբինյան-«Մեր Պատասխանը Հովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյան-«ՀՅ Դաշնակցության Անելիքը»):

Ձեռնարկի ավարտին Ամերիկայի Արևմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսյանը Թաթուլ Հակոբյանին նվիրել է Հայոց Ցեղասպանության 100ամյակը խորհրդանշող հուշանվեր, ապա տեղի է ունեցել հյուրասիրություն:

Թաթուլ Հակոբյանի Միացյալ Նահանգներ այցը ֆինանսավորել է հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը:

Թաթուլ Հակոբյանը Բեյրութի «Ազդակ» օրաթերթի Երեւանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան (2009ից ի վեր), Երեւանի պետական համալսարանի դասախոս (2010ից ի վեր) եւ Հայկական ուսումնասիրութիւնների «Անի» կենտրոնի համակարգող (2014ից ի վեր):

Նրա ռեպորտաժները հեռարձակվում են «Սիվիլնեթ» առցանց հեռուստատեսությամբ:

Լրագրող Թաթուլ Հակոբյանին մի քանի շաբաթ առաջ շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրուած 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական եւ համակողմանի լուսաբանման համար:

asbarez.com
Այս նյութը դիտել են - 1697 անգամ