Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին. Ռիչարդ Միլս
2016-05-18 00:51:00

«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994-95 թթ-ի հրադադարի համաձայնագրին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: 

Դեսպանի խոսքերով՝ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով, ևս դրական է, դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն: 

Ինչ վերաբերում է հունիսին նախագահների հանդիպելու վերաբերյալ համաձայնությանը, դեսպանը դա ևս դրական համարեց՝ ասելով, որ դա լավատեսորեն է տրամադրում:

«Համանախագահները, իմ երկրի կառավարությունը լիահույս ենք, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքներ և կհանգեցնի նրան, ինչին մենք բոլորս ձգտում ենք՝ համակողմանի կարգավորման Լեռնային Ղարաբաղի խնդրին»,- նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Այս նյութը դիտել են - 1406 անգամ