Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են
2016-05-14 17:09:00


Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Այն բանից հետո, երբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի շնորհիվ մեզ հայտնի դարձավ, որ քոսոտ երկիր ենք, իսկ քոսոտ երկրներում ռազմարդյունաբերության մասին խոսելն ավելորդ է, իշխանական օղակները ջանք ու եռանդ չեն խնայում այդ տպավորությունը չեզոքացնելու և հակառակ պատկերը ներկայացնելու համար, որովհետև եթե հանկարծ պարզվի, որ ակադեմիկոս Ռադիկն, այնուամենայնիվ, սխալ բան չի ասում, այդ դեպքում շատերը ստիպված կլինեն բացատրություններ տալ վատնված հսկայական միջոցների ու դատարկ խոստումների համար:


Ահա այդ նպատակով էլ երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանուգործը թողած՝ վազ է տվել ինչ-որ գործարան, որի անունը դրել են «ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններ», ինչը պիտի տպավորություն թողնի, թե դրանից շատ ունենք, ու դա դեռ քիչ է, այդ ձեռնարկություններից մեկում էլ մասնակցել է նոր արտադրամասի բացմանը: Հետո նաև լուսանկարվել է ամբողջական հավաստիության համար:


Նախարարի զուտ քարոզչական այցի մասին նույն նախարարության մամուլի ծառայությունը զուտ քարոզչական հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է:

Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին միտված քայլերն ու այդ ուղղությամբ մշտական հետևողականությունը»:


Ուշադրություն դարձրեք, որ տեքստում դափնիները բաժին են հասել միայն ռազմաքաղաքական ղեկավարությանը: Արտադրողները չկան, նախագծողները չկան, Ռադիկ Մարտիրոսյանն ընդհանրապես չկա: Եվ այս բոլորի բացակայության պայմաններում ռազմարդյունաբերությունը միայն ու միայն հաջողություններ է արձանագրել: Էլ ի՞նչ կարիք կա ռուսաստանների ու չգիտեմ որտեղներից զենք-զինամթերք ներկրել, եթե տեղում ամեն ինչ պատրաստ է, և դեռ Բագրատյանն էլ միջուկային զենք է խոստացել:


Այնպես որ, ակադեմիայի նախագահ, մեր երկիրը քոսոտ չէ: Չե՞ս հավատում, տես Սեյրան Օհանյանի լուսանկարները: Եվ հետաքրքիրն այն է, որ Օհանյանն ու Մարտիրոսյանը, լինելով գրեթե նույն խելքի տեր մարդիկ, երբեմն հակառակ կարծիքներ են հայտնում, ընդ որում` նույն դատարկության վերաբերյալ:

shame.am 

Այս նյութը դիտել են - 2168 անգամ