Բայց չէ՞ որ սա արդեն ոչ միայն անբարոյական է, այլև զզվելի
2016-05-13 00:41:00

Սա արդեն դառնում է զզվելի

Առավոտյան հայտնի դարձավ, որ կրկին զոհ ունենք: Գիշերը՝ 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:

Եվ ահա այս ցավալի լուրը հաղորդելուն զուգահեռ ԶԼՄ-ները տեղեկացնում են նաև, որ երեկ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ: Եկել, Թալիշի մոտակայքից դիտել են, աջ են նայել, ձախ են նայել, ու բոլորը միաձայն հաստատել են, որ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ասել են՝ ամեն ինչ հրաշալի է, հավաքել են հեռադիտակներն ու գնացել են հանգստանալու:


Բայց չէ՞ որ սա արդեն ոչ միայն անբարոյական է, այլև զզվելի:

Եթե նույն այդ կոկիկ հագնված եվրոպացիներին նույն վայրը բերեին ապրիլի 2-ի առավոտյան, տեսնես ի՞նչ էին ասելու նրանք: Եվ վերջապես, ինչի՞ համար է արդեն երկար տարիներ սա արվում՝ այս դիտարկում կոչվածը: Որ Անջեյ Կասպշիկը աշխատա՞նք ունենա:


Լավ, ասենք, թե դիտարկման պահին խախտում արձանագրվեց: Ի՞նչ էին անելու դիտորդները: Գնալու էին ու ադրբեջանցիների ականջնե՞րն էին ձգելու: ԵԱՀԿ առաքելությունը ներգործման ու կանխարգելման ի՞նչ մեխանիզմներ ունի, որով կարող է խաղաղություն հաստատել շփման գծում: Ոչ մի: Այդ դեպքում ո՞ւմ են պետք նրանք: Ոչ մեկին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1477 անգամ