Վերջին շրջանում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի բառապաշարում էական փոփոխություններ են արձանագրվում: Նա սկսել է ավելի հաճախ դիմել ժողովրդական բառ ու բանին: Բայց քանի որ առանձնապես չի տիրապետում լեզվական նրբություններին, բանահյուսական և խոսակցական արտահայտությունների գործադրումը ավելի շատ գռեհկացնում, քան համ ու հոտ է հաղորդում նրա մտքերին:
Այսօր էլ Շարմազանովն իր հմտություններով փայլելու փորձ կատարեց, երբ պատրաստվում էր պատասխանել լրագրողի այն հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի հանրահայտ հայտարարությունից երկու ամիս է անցել, արդյո՞ք պատերազմը խանգարեց, որ իշխանությունները ձեռնամուխ լինեն խոստացված բարեփոխումներին:
Այս առթիվ ԱԺ փոխնախագահն ասաց. «Հարցեր կան, որոնք լուծվում են, բայց որոնց արդյունքները երևում են մի քանի ամսից, մի քանի տարուց:
Սերմը ցանվել է ՀՀ նախագահի կողմից, մենք բոլորս պետք է հոգ տանենք, որպեսզի յոնջաները սերմին կուլ չտան, որ սերմը դառնա առողջ Հայաստանի առողջ պտուղը»:
Սերմնաբուծության ոլորտի մասին Շարմազանովի անսպառ գիտելիքների այս բացառիկ դրսևորումը միայն մի հստակեցում է պահանջում. ո՞ր յոնջաների (կամ առվույտների) մասին է նա խոսում: Որքան հանրությանն է հայտնի, այդ անասնակերի զգալի հատվածը ծիլեր է տալիս ու աճում է հատկապես իշխանական դաշտավայրերում: Եվ հետո, կարծես թե Շարմազանովը նկատի ունի մոլախոտը, այլ ոչ թե առվույտը, քանի որ այդ խոտաբույսն է, որ կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ նորատունկ սերմերի համար:
Բայց եթե նա շարունակի պնդել, որ նկատի ունի միայն ու միայն առվույտը, ապա մեզ կմնա միայն արձանագրել, որ Շարմազանովը լուրջ գիտելիքների է տիրապետում նաև խոշոր եղջերավոր անասուններին կերով ապահովելու հիմնական տեխնոլոգիաների մասին:
Եվ ուրեմն, ինչո՞ւ նրան չնշանակել ՀՀ գյուղնախարար, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե 2017-ից հետո ստեղծել նրա համար հատուկ նախարարություն` ՀՀ առվույտի և մյուս անասնակերի նախարարություն, մանավանդ որ դա նաև օգուտ կտա ՀՀԿ որոշ անդամներին պառլամենտ ներխուժելու գործում: