Քանի որ Արծրունն ավելացնելու բան չունի, ասածն էլ կեղծիք է, ես ստիպված ավելացնում եմ
2016-05-12 15:05:00

 

Ի պատասխան Ժիրայր Սէֆիլյանի հրապարակած տվյալների, որ միայն Թալիշի հատվածում մենք կորցրել ենք ավելի քան 7 միլիոն քառակուսի մետր տարածք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հակադարձել է, որ նման բան պարզապես չի կարող լինել. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը անգամ մինչ կորուստը եղել է 3-4 կմ, եթե 7 կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Աղբյուրը http://168.am/2016/05/12/635739.html
Արծրուն Հովհաննիսյանին հորդորում եմ զերծ մնալ Գալուստ Սահակյանի ոճից և գրավյալ տարածքի խորությունը դրա մակերեսի փոխարեն ներկայացնելու միջոցով մարդկանց մոլորեցնելու փորձեր չանել:
Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ մենք կորցրել ենք ավելի քան 7 միլիոն քառակուսի մետր տարածք: Իր խոսքն ավելի հասկանալի դարձնելու համար Ժիրայր Սէֆիլյանը պարզաբանել է, որ դա հավասար է 7 քառակուսի կիլոմետրի: Իմ կողմից ավելացնեմ, որ հեկտարներով չափելու դեպքում նույն տարածքը հավասար կլինի 700 հեկտարի: 4-րդ դասարանի թվաբանության դասագրքում չափերի ու քանակների հարաբերակցությունները բերված են շատ ավելի մանրամասն, ցանկության դեպքում կարելի է վերհիշել:
Կորցրած տարածքն իր ձևով նման է անկանոն սեպի, որը ճակատի մասով ձգվում է ավելի քան 5 կիլոմետր, իսկ խորությամբ՝ մինչև 2 կիլոմետր:
Արծրուն Հովհաննիսյանի նշած 3-4 կիլոմետրը վերաբերվում է հենց այդ խորությանը, որից 2 կիլոմետրը, ինչպես նշեցի, հակառակորդը գրավել է: Այդ պատճառով էլ Թալիշը զգալի չափով հայտնվել է ուղիղ նշանառության տակ:

 Վարուժան Ավետիսյան

hzham.am
Այս նյութը դիտել են - 1616 անգամ