Հայ գործարարը Լոս Անջելեսում թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավ է սկսել
2016-05-11 01:18:00
Լոս Անջելեսում վերջերս մի խումբ հայեր արշավ են սկսել՝ բոյկոտելով ամերիկյան խանութներում մեծ տարածում գտած թուրքական արտադրանքը:
Արևելք պարբերականի փոխանցմամբ, նրանք իրենց այդ քայլը պատճառաբանում են ներկա քաղաքական կացությամբ՝ ոչ մի կերպ չհարստացնել հայերի քաղաքական հակառակորդին, փոխարենը քաջալերել հայ արտադրողին և գումարներն ուղղել ոչ թե Թուրքիա, այլ՝ Հայաստան:

Նախաձեռնության հեղինակներն իրենց կոչերը տարածել են սոցիալական ցանցերում, իսկ ինչպես «Արևելքին» տեղեկացրել է արշավի նախաձեռնողներից մեկը, արդեն տպագրվել է թուրքականը մերժող 1000 հատ թերթիկ-կոչ, որոնք փակցնելու են Լոս Անջելեսի բոլոր այն հայերի խանութների ցուցափեղկերին, որտեղ թուրքական ապրանք է վաճառվում:

Նախաձեռնության հեղինակը՝ Հայաստանից Վահան Կարախանյանը, ԱՄՆ-ում նույնպես խանութ ունի: Նա պատմել է, որ թուրքական ապրանքի դեմ իր բոյկոտը սկիզբ է առնում դեռևս Հայաստանում բնակվելու տարիներից:

«Մենք ամբողջ ընտանիքով երբեք թուրքական ապրանք չէինք գնում, եթե նույնիսկ դա հայտնի ապրանքանիշ էր: Մինչև հիմա էլ՝ Հայաստան իմ այցերի ժամանակ ես ստուգում եմ՝ իմ բարեկամներն արդյո՞ք թուրքական մաքրման միջոցներ կամ այլ կենցաղային իրեր չեն օգտագործում»,-նշում է Վահան Կարախանյանը, ավելացնելով, որ ոչ մի կերպ չի նպաստի թուրքական զենքի ձեռքբերմանը, քանի որ այդ զենքը մի օր մեր դեմ է ուղղվելու:

Վահան Կարախանյանը Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն իրականացրած Ալբերտ Կարախանյանի որդին է: Նա ասում է, որ հայրը, իբրև շինարարական կազմակերպության ղեկավար, Մատենադարանի մասնաշենքի շինարարությունը իրականացնելուց առաջ պայման է դրել, որ ոչ մի գրամ թուրքական շինանյութ չօգտագործվի:

«Բնականաբար այդպես էլ եղավ, որովհետև պատկերացնո՞ւմ եք նման բան՝ Մատենադարանում, դա արդեն մշտական պղծման պես մի բան կլիներ»,-ասում է արդեն կյանքից հեռացած հայտնի շինարարի որդին: 
Վահան Կարախանյանը զարմանում է հայաստանցի այն գործարարների վրա, որոնք թուրքական ապրանք են ներմուծում, նշելով, որ միշտ էլ, ցանկության դեպքում կարելի է գտնել այլընտանքը և չներմուծել ու չգնել թուրքականը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս նյութը դիտել են - 1698 անգամ