ԱՄՆ դեսպանության հայտարարությունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ
2015-12-14 12:38:00

ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական  կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների՝ մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի  հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ:

 Մենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ: Լիարժեք ու թափանցիկ քննությունները և դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին  և քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս: Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում:

Այս նյութը դիտել են - 1514 անգամ