Բուլկի Արամն էլ օֆշոր դարձավ
2016-05-10 10:29:00


Բուլկի Արամն էլ օֆշոր դարձավ

Այսօր նախ հեռավոր Պանամայից, իսկ այնուհետև մամուլի հրապարակումներից հայտնի դարձավ, որ հայ օֆշորագիտությունը նոր ձեռքբերումներ է ունեցել հանձին ՀՀ Բնապահպանության նախկին նախարար, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի:


Եկեք միանգամից խոստովանենք, որ սա անակնկալ բացահայտում էր, քանի որ մինչ օրս Բուլկի Արամը մեզ ներկայացել էր իբրև տեղական նշանակության ժուլիկ, ով ընդունակ է մանր-մունր հափշտակություններ իրականացնել բյուջեից, զանազան հանքերից, մասնավոր, բայց սվերային բիզնեսներ գործի դնել: Իսկ հիմա նա առավոտյան արթնացել ու դարձել է գրեթե համաշխարհային մասշաբի դեմք, ում անունը այն նույն ցուցակում է, որտեղ նաև աշխարհի շատ հզորներ են: Էլ ի՞նչ է հարկավոր Արամ Հարությունյանին երջանիկ լինելու համար:


Ափսոս միայն, որ այդ խոշոր ձեռքբերումը նրա համար կարող է ծանր հետևանքներ ունենալ: Արդեն իսկ աղմուկ է բարձրացել, արձագանքը գնացել-հասել է վերին ատյաններ ու մյուս բացահայտվածների հետ մեկտեղ Արամի հարցն էլ պիտի քննեն:


Ճիշտ է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փոքր-ինչ զգույշ ու հպանցիկ արտահայտվեց դրա մասին՝ առաջարկելով այդ հարցում շտապողականություն չցուցաբերել և անուններ հրապարակելուց առաջ ուսումնասիրել: «Եթե նման անուններ կան, այդ բոլոր անունների շրջանակներում ուսումնասիրություններ կիրականացվեն»,- խոստացավ նա՝ կարծես իրենից հեռու վանելով այն հեռանկարը, թե խիստ պատիժներ են սպասվելու: Բայց Արամ Հարությունյանի համար սա մխիթարություն լինել չի կարող: Նա այն դեմքը չէ, ում կփորձեն ամեն գնով խնայել:

 shame.am
Այս նյութը դիտել են - 1367 անգամ