Արմենչիկը վաստակավոր անմեղ է
2016-05-10 08:59:00


Արմենչիկը վաստակավոր անմեղ է

Երգիչ Արմենչիկի դեպքն այսօր դարձավ հայոց պատմություն: Մի ամբողջ երկիր միայն դա է քննարկում: Գնացել է զորամաս, շարել է զինվորներին, ինչ-որ նվերներ է բաժանել, և հիմա մարդիկ զայրացած հարց են տալիս. «Դու ո՞վ ես, Արմենչիկ, որ Հայոց բանակի զինվորին ողորմություն բաժանես»:

 Նախ հիշեցնենք, որ Արմենչիկը Հայաստանի վաստակավոր արտիստ է և արտիստորեն է կատարել իր բարեգործությունը, այսինքն չի մոռացել բանակի հաշվին PR-վել, բայց որովհետև երևակայության ու քթածակի պակաս ունի, իր լավ ցանկությունն էլ ստացվել է գռեհիկ ու ամոթալի:

Սակայն հիմա մենք ուզում ենք խոսել մեկ այլ երևութի մասին, որ այս դեպքում մնացել է ստվերում, իսկ ստվերն այնքան թանձր է, որ նույնիսկ Պաշտպանության նախարարությունը դա չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակը փակ կառույց է ու որևէ մեկը չի հարող հենց այնպես գնալ այնտեղ, ներս մտնել ու փաթեթներով նվերներ բաժանել աջ ու ձախ: Հատկապես հիմա՝ լարվածության այս օրերին, այդ կառույցն էլ ավելի փակ ու անմատչելի պիտի լինի: Բայց արի ու տես, որ Արմենչիկը մտավ: Իսկ եթե Արմենչիկը մտավ, ուրիշ ով ասես՝ կարող է հանգիստ ելումուտ անել այնտեղ:

Հետո՝ սնունդ ու հագուստ բաժանելու մասով: Ո՞վ է տեսել, որ զինվորը ուտելիք վերցնի առաջին պատահածի ձեռքից: Իսկ եթե դա փչացած է, ժամկետանց կամ, Աստված մի արասցե, թունավորվա՞ծ: Նույն այդ բանակ կոչվող փակ կառույցում գոյություն ունի խստագույնս սահմանված մատակարարման ձև, որը պիտի լինի ոչ միայն կենտրոնացված, այլև ունենա անվտանգության համապատասխան վերահսկողություն: Մենք արդեն չենք խոսում այնպիսի հավելյալ գործոնների մասին, ինչպիսիք են, ասենք, հստակ չափաբաժինը, անհրաժեշտ կալորիականությունը և այլն:

Ասելիքն այն է, որ եթե այս դեպքի հետ կապված կան մեղավորներ, ապա դրանց շարքում վաստակավոր արտիստ Արմենչիկն ամենաանմեղն է: Իսկական մեղավորները բանակային համակարգի պատասխանատուներն են: Եվ հենց նրանցից էլ պետք է սկսել:

shame.am
Այս նյութը դիտել են - 1277 անգամ