ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2016-05-07 22:09:00

Սիրելի´ էջմիածնեցիներ, հարգելի´ հայրենակիցներ.
Էջմիածնի քաղաքային իշխանության, բոլոր էջմիածնեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր երկրապահ-ազատամարտիկներին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ:
Մերօրյա երկրապահը արցախյան ազատամարտի ծնունդն է և, միաժամանակ, այդ հերոսամարտի բոլոր փառավոր հաղթանակների կերտողը: Ճշմարիտ է, որ իսկական հայրենասերն ու հերոսը այն ժամանակ է երևում, երբ հայրենիքը հայտնվում է վտանգի մեջ: Երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց իր ազատության համար ոտքի ելած Արցախի դեմ, հազարավոր քաջ հայորդիք, նախնյաց արյան կանչով, առանց վարանելու մեկնեցին Արցախ ու սահմանները՝ պաշտպանելու հող հայրենին:

Այդ ազատամարտին շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին, բայց ողջ մնացածները կիսատ թողեցին նրանց գործը, որի արդյունքում այսօր ունենք ազատ, անկախ Արցախի Հանրապետություն, որն էլ արդեն 25 տարեկան է:
Բայց ինչպես երևում է` հիշողությունը կորցրած թշնամին ստիպում է, որ սուրը նորից պատյանից հանենք՝ չհասկանալով, որ այս անգամ հետևանքներն արդեն կարող են անդառնալի լինել:
Այո, անհանգիստ են Արցախի և Հայաստանի սահմանները: Ապրիլի սկզբին ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ձախողումից գազազած՝ թշնամին փորձում է նորից ստուգել մեր պաշտպանության հուսալիությունը: Եվ մեր ժողովրդի համար այս մտահոգիչ օրերին հազարավոր երկրապահներ մեր զինվորների կողքին են՝ նրանց փոխանցելու իրենց փորձը, գիտելիքները և, ամենակարևորը, հաղթական ոգին:
Կրկին շնորհավորելով Երկրապահի օրվա առթիվ, մաղթում եմ մեր բոլոր երկրապահներին, մեր ժողովրդին քաջառողջություն, անձնական երջանկություն և վերջնական իրականացում Ձեր Մեծ Երազանքի:

Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 1813 անգամ