Ո՞վ է Խոսրովը, որ Թոխմախի Մհեր դատի
2016-05-05 06:33:00


Ո՞վ է Խոսրովը, որ Թոխմախի Մհեր դատի

Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց այս տարվա փետրվարի 19-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, երբ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:

Էթիկայի հանձնաժողովը վերջնական որոշում կայացրեց, համաձայն որի Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում հայհոյանք չի արել, պարզապես անհարգալից է խոսել: Պարզվեց, որ հանձնաժողովի անդամների լսողությունը լուրջ որակական փոփոխության է ենթարկվել, և հիմա նրանցից որևէ մեկը ներկայացված տեսանյութում չի լսել, որ Թոխմախի Մհերը հայհոյել է, թեև շաբաթներ առաջ լսողներ կային:


Բայց այս դեպքում առավել հետաքրքրականն այն է, որ թեև ոչինչ չի լսվում, սակայն հանձնաժողովը որոշել է, որ Սեդրակյանը անհարգալից վարք է դրսևորել իր զրուցակից լրագրողի հանդեպ: «Այդ պայմաններում մենք գտնում ենք, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր այն անձանց հետ, որոնց հետ ինքը շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:


Խոսրով Հարությունյանը այսպես թե այնպես ինչ-որ բան պիտի ասեր: Չէր կարող ամբողջապես հերքել մի բան, որն ակնհայտ էր ու բազմաթիվ վկաներ ուներ: Բայց քանի որ այնքան «դուխ» չունի իրերն իրենց անուններով կոչելու համար, պատրաստ է անհեթեթության հեղինակ լինել, միայն թե չդառնա Թոխմախի Մհերի աչքի գրողն ու թշնամին: Եվ դրա համար էլ իր հորինած համատարած լռության միջից պեղել ու դուրս է բերել միջանձնային հարաբերությունների կոռեկտությունը պահպանելու իր տեսլականը՝ ի շահ Մհերի և ի վնաս «նախրի»:


Մհեր Սեդրակյանն անմեղ է: Հիմա կարելի է նույնիսկ ծեծել լրագրողներին: Դա էլ կդասվի անհարգալից պահվածքի շարքում:

shame.am 

Այս նյութը դիտել են - 1472 անգամ