Կարեն Վարդանյանը 700 ինժեներ կամավորների հետ սպասում է հրամանի
2016-04-29 20:41:00

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների հետ` նրանց հետ քննարկելու հայրենական ռազմարդյունաբերության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների դերի վերաբերյալ հարցեր: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով` ներկայիս պատերազմական գործողությունների ժամանակ մի քանի հրատապ խնդիրներ ի հայտ եկան, որոնց համար իրենք կարող են լուծումներ առաջարկել: Օրինակ` անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում, չեզոքացում, հարձակողական զինատեսակների ստեղծում, բանակի կառավարում, կապի միջոցների ստեղծում և այլն: Վարդանյանը հայտնեց, որ 700 ինժեներներ և 50 ընկերություններ պատրաստ են կամավոր հիմունքներով տեխնոլոգիաների ոլորտում օժանդակել բանակին, եթե, իհարկե, լինի հրաման:

«Պարզապես չգիտենք` որն է նպատակը: Որ տարածքներ չենք հանձնելու` հասկացանք, բայց մյուս ճանապարհն էլ հայտնի չէ, ցավոք, մենք հաղթելու հրաման չենք ստանում: Մարդիկ ոգևորված են, բայց ոգևորությունը կապված է նպատակից»,- ասաց նա:

Վարդանյանի խոսքով` գործող բանակը գիտի` ինչ խնդիրներ կան, այսինքն` ավելի արդյունավետ մարտ վարել համար ինչպիսի զինատեսակների կամ տեխնիկայի անհրաժեշտություն կա: Նա համոզված է, որ Հայաստանում մտավոր և այլ ռեսուրսներ կան ռազմարդյունաբերության զարգացման համար, և եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, հնարավոր կլինի նաև որոշակի բաներ արտահանել և ֆինանսավորել ռազմարդյունաբերությունը, ինչպես, օրինակ, դա անում է Իսրայելը: «Այսօր Հայաստանում խնդիր կա գոնե ռազմարդյունաբերության ոլորտի մինիմալ բաներ արտադրել»,- նշեց Վարդանյանը:

Անդրադառնալով ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նաև Ալիկ Միրզաբեկյանի հրաժարականին, նա նշեց, որ դա ողջունելի է, սակայն պետք է այդ գործընթացի նկատմամբ շարունակական հետաքրքրություն ցուցաբերել: 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Կարեն Վարդանյանը հայտարարել էր, որ «ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ռազմաարդյունաբերական, ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության պետերը պետք է հեռանան, քանի որ նրանք ռազմարդյունաբերության ոլորտում զբաղված են սաբոտաժով»: 

yerkir.am

Այս նյութը դիտել են - 2251 անգամ