Մարտակերտը մեր բնակավայրն է, այստեղ մեր տունն է, ուրիշ տեղ չենք ուզում գնալ…
2016-04-28 01:20:00
Ամբողջ գիշեր հրետակոծություն էր… Մեր բնակելի շենքի նկուղում գտնվելով` ամենևին չենք հասկանում, թե որ ուղղությամբ է հրետակոծում մեր հակառակորդը, բայց դրան զուգահեռ մերոնց պատասխան հարվածներն էլ կարծես մեր գլխավերևով են անցնում, ու ստեղծված ահեղադղորդ պայթյուններից ու հուժկու հարվածներց ամենևին չես հասկանում` այդ արկը գլխավերևու՞մդ ընկավ, թե քո ապրելու վայրից որոշ հեռավորության վրա: Բայց ամեն անգամ մտածում ենք, որ այս անգամ էլ փրկվեցինք: 
Ամեն պահ ապրած սարսափելի զգացողությանդ գումարվում է մի նոր հարցում, թե ինչպես են սահմանում կանգնած մեր քաջերը կարողանում հաղթահարել այս պատերազմի սարսափելի արհավիրքները, նրանց խիզախությանը զուգահեռ` հոգումդ մոլոգնում է մի նոր տառապանք, որ հանկարծ նոր զոհեր չլինեն:

Այս օրերին ապաստարան կոչված այդ նկուղում իմ կողքին է յոթ տարեկան թոռնիկս, շրջապատում բոլորի համար զարմանալի մի երևույթ, որ այս օրերին մեր բնակավայրում երեխա է մնացել: Օրեր առաջ փորձում էր նրա մայրիկը ամեն անգամ բացատրել, որ չվախենա, մերոնք են կրակում, նաև լավ էր, որ մայրիկին չէր հարցնում, թե պատերազմում ինչու՞ միայն մերոնք են կրակում: Հաջորդ օրերին հրետակոծության ժամանակ նա ինչ-որ մի բանով զբաղված էր` կամ անհաղթ զինվորի մասին էր զրույցը, կամ հիշողություններ` իր ապրած խաղաղ օրերի մասին, որ թաղամասում ընկերներ ուներ, հիմա մենակ է մնացել…

Երեկ մի ինչ-որ դղրդյունից վեր թռա, հանկարծ կողքիս լսում եմ. «Տատի՛, չվախենաս, սրանք մերոնք են...»: Ես հասկացա այդ պահից, որ իրավունք չունեմ իմ Նարեկի մոտ ոչ թե սարսափի, այլ ընդհանրապես վախենալու մասին խոսել...
 Այս գիշեր նա հանգիստ քնեց` համոզված, որ հրետակոծողները միայն մերոնք են, նրանք սանձահարում են մեր հակառակորդին: Ես ու նրա մայրիկը հսկում էինք մեր բալիկի հանգիստ քունը, բայց այնքան զսպված, որ ձայն չհանենք, մենք իրավունք չունեինք մեր անհանգիստ ապրումներով արթնացնել երեխային:

Ես նորից համոզվեցի, որ այսպես մենք կշարունակենք ապրել... Այսուհետ կսարսափենք մեր մտքում, զոհերի համար կտառապենք մեր մտքում, որպեսզի սերունդը չվախենա, ավերված սրտերով կազդարարենք մեր սահմանի հերոսների մասին բարձրաձայն, որ կարողանանք ապրել ու նրանց էլ ապրեցնել...

Այս պահին` ապրիլի 28-ի առավոտյան, խաղաղ է մեզ մոտ, Նարեկս նկարչությամբ է զբաղված, երբ նայեցի նկարին, նա բացատրեց, որ սա իրենց տունն է, վերևում արև կա, այս մեքենան հայրիկն է վարում, նա գնում է աշխատանքի, այստեղ պատերազմ չկա...
Խեղդվում եմ հուզմունքից, բայց հուզմունքս էլ մտքումս էր, ես իրավունք չունեի բարձրաձայնելու...
Նատաշա Պողոսյան 
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 2705 անգամ