ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԴԱՍՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...
2016-04-27 11:28:00

Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: 1915-ի ապրիլի 24-ը Եղեռնի զոհերի հիշատակման խորհրդանշական օր է և այն թուրքական հայասպան քաղաքականության սկիզբը չէ. թուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված հայկական ջարդերը սկսվել են 1915-ից տասնամյակներ առաջ:

1915-ը Հայոց ցեղասպանական ամենադաժան արարքների տարին է եւ ապրիլի 24-ը ժողովուրդն առանձնացրել է որպես Մեծ եղեռնի/Մեծ ցեղասպանության տարի, քանի որ այս օրը Կ.Պոլսում ձերբակալվում և աքսորվում են 600-ից ավելի հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ,բժիշկներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ: Ամեն տարի , ապրիլի 24-ի վաղ առավոտյան մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Ծիծեռնակաբերդ բլուրն է, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոթող, որտեղ անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի՝ մեր նախնիների հիշատակին:

Էջմիածնի քաղաքապետարանը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունը, քաղաքի ողջ ակտիվը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին, սրբադասված նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումները շարունակվեցին Էջմիածնում. հարգանքի տուրք մատուցվեց Էջմիածնի հրապարակում կանգնեցված Կոմիտասի արձանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության հուշարձանին եւ Եղեռնին զոհ դարձած հայ նշանավոր մտավորականների «Տագնապ» խմբաքանդակին` ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհելով:


Այս նյութը դիտել են - 1582 անգամ