ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Համայն հայոց կեղծավորը
2016-04-21 20:10:00

Լևոն Տեր- Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «‹Երկու նախագահների հանդիպումը մեծ ձեռքբերում է: Դա խոսում է նրանց պետական մտածողության մասին: Պիտի իմ հիացմունքի խոսքն ասեմ նախկին ու ներկա նախագահների հասցեին: Նրանք ապացուցեցին, որ իրենց համար գերակա է պետության շահը››:

Շարմազանովը հիացած է Տեր-Պետրոսյանով, Շարմազանովը տպավորված է առաջին նախագահի շրջահայացությամբ: Իսկ ինքը՝ Շարմազանովը ապշեցրել ու զարմացրել է մնացած բոլորին: Ախր, հենց նա էր, որ տարիներ շարունակ ստանձնել էր ՀԱԿ-ի առաջնորդին փնովելու, պիտակավորելու, վարկաբեկելու սուրբ գործը: Իսկ հիմա, Սերժ Սարգսյանի ընդամենը մեկ այցելությունը հեղաշրջում է կատարել նրա պատկերացումների աշխարհում և երեկվա անցանկալին այսօր դարձել է մեծություն:

Ներկուսակցական ու ներքաղաքական տարաձայնություններն անխուսափելի երևույթ են ցանկացած քիչ թե շատ ժողովրդավար երկրում: Սակայն ուրիշ կարծիք ունենալը երբեք հանցանք չի համնարվել և չի պատժվում օրենքով: Մինչդեռ վատ դաստիարակության արդյունք է մարդուն հայհոյելը միայն այն բանի համար, որ դու նրա հետ համաձայն չես: Շարմազանովի բառապաշարն ասվածի ապացույցներից լավագույնն է:

Ո՞վ էր Տեր-Պերտոսյանը նրա համար ընդամենը օրեր առաջ: Ահա մի թռուցիկ ծաղկաքաղ շարմազանովյան ելույթներից:

Առաջին նախագահը սպառված քաղաքական թոշակառու էր, քաղաքական հանգուցյալ, սեփական դեմքը փրկելու, իր ֆիասկոն քողարկելու համար խղճուկ, ողորմելի բառակույտեր օգտագործող, քաղաքական ուժերի վերջին վագոն և այլն, և այլն:

Ըստ Շարմազանովի` «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները հասել են մի մակարդակի, որոնք արդեն հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում» և հետո՝ ամենահետաքրքիրը. «Զավեշտալի է, Արցախը պահելու մասին խոսում է մի գործիչ, ով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակին»:

Սրանք Շարմազանովի մտքերն են: Իսկ Սերժ Սարգսյանը նրան անհարմար վիճակի մեջ դրեց՝ վեր կացավ ու գնաց Տեր-Պետրոսյանի հետ զրուցելու հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Եվ այդ պահից ի վեր Շարմազանովը որոշեց, որ անցյալը պետք է իսպառ մոռացվի և անհրաժեշտ է Տեր-Պետրոսյանի համար նոր բառեր ու որակումներ գտնել: Իսկ դա, անկեղծ ասած, նրա համար առանձնապես դժվար խնդիր չէ: Չէ՞ որ մենք հիմա խոսում ենք Համայն հայոց կեղծավորի մասին:

shame.am

Այս նյութը դիտել են - 2928 անգամ