Ապրիլի սկզբին զոհված մեր հերոս զինվորներից մեկն իր եղբոր որդին էր..
2016-04-20 12:53:00
Դեղատանը աֆոբազոլ ուզեցի, կողքիս կանգնած խոշոր, բարձրահասակ, սեւազգեստ կինը հարցրեց.
- Քուր ջան, էդ ի՞նչ ա...
- Նյարդերը հանգստացնող հաբ է,- պատասխանեցի կնոջը:
- Ինձ կօգնի՞, ես շատ վատ եմ, սաղ ջանս դողում ա, քուն ու դադար չունեմ, տրենսի մեջ եմ,- ցնորված ու աղերսական հայացքով իր վիճակը ներկայացրեց կինը, որը ,,տրենս,, ասելով նկատի ուներ ստրեսը կամ դեպրեսիան:
Այնքան անջատված, կյանքից վերացած ու կյանքն անիմաստ համարող մեկի հայացք տեսա: Այդպիսի բան չէի տեսել, երբ մե՜ծ, հզոր մարմինը մի վայրկյանում կուչ է գալիս, փոքրանում աչքիդ առաջ:
Պատմեց, որ ապրիլի սկզբին զոհված մեր հերոս զինվորներից մեկն իր եղբոր որդին էր...Դրանից հետո չի կարողանում վերագտնել իրեն, չգիտի ինչ անել...
Մանրամասն բացատրեցի, հեռախոսահամար տվեցի, որ զանգի ու անվճար կոնսուլտացիայի գնա նյարդաբան պրոֆեսորի մոտ, որն իրեն անպայման կօգնի ու եթե նրա նշանակած դեղերն ու սրսկումները պարտաճանաչ ընդունի ու կատարի՝ հաստատ շատ արագ դուրս կգա այդ վիճակից....
- Ապրի արեւդ, ապրի արեւդ, քուր ջան,- ասում ու լալիս էր....
Դեղատան աշխատակցուհին վազեց ու ջուր բերեց...չխմեց...
Ասացի.
- Գնանք մեր տուն, մի քիչ կհանգստանաք, հետո կուղեկցեմ, մեր տունն այստեղ է, վերեւի հարկում...
Չուզեց:
Է՛հ...Մենք մեզ համար ապրում ենք, ինչ գիտենք...
Նրանք՝մեր հերոսների ընտանիքները մինչեւ կյանքի վերջ մխալու են....
Այս նյութը դիտել են - 2313 անգամ