ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասով քրգործ է հարուցվել
2016-04-16 11:23:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին համացանցում տարածվել էր մի լսանյութ` ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների անունից, որում ներկայացված էր մաքսային մարմիններում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգը:

ՀՀ գլխավոր դատախազությունն այս ձայնագրությունն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրելու համար: Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ այդ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռ 2014-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասով քրգործ է հարուցվել, որը մինչ օրս քննվում ԱԱԾ-ում: Վերը նշված ձայնագրությունը կցվել է 2 տարի առաջ հարուցված այդ քրեական գործին:

«Ժողովուրդ»-ի այս լուրը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին. «Քանի որ արդեն իսկ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից չարաշահումներ մասով կար հարուցված քրեական գործ եւ քննվում է ԱԱԾ-ում, համացանցում հայտնված լսանյութը կցվել է այդ քրեական գործին: Առանձին լսանյութի մասով քրեական գործ դեռես չի հարուցվել»: Իսկ թե ինչ գործի մասին է խոսքը, չմանրամասնեցին»:

Այս նյութը դիտել են - 1439 անգամ