Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցավ մոմավառություն...
2016-04-12 23:26:00

Ապրիլի 12-ին, երեկոյան, Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցավ մոմավառություն՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած լայնածավալ մարտերի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր քաջ զինվորների հիշատակին: 

Նշենք, որ մոմավառությանը մասնակացում էին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի գերաշնորհ հայրերը՝ հոգևորականների ուղեկցությամբ, ՀՀ փոխհյուպատոս պրն. Վալերի Մկրտումյանը՝ հյուպատոսական դիվանագիտական կազմով, համայնքում ճանաչված հայտնի քաղաքական գործիչներ, ովքեր հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացրեցին Արցախում տեղի ունեցած վերջին օրերի իրավիճակը:
Երկու ժամ տևողությամբ մոմավառությունը կրկին միավորել էր Լոս Անջելեսի հայությանը: Զոհվածների հիշատակը հարգելու համար, նաև ներկա էին շատ երեխաներ` իրենց ծնողների հետ, ովքեր նույնպես ձեռքներին պահել էին վառած մոմերը:
Ներկաները տխուր ու լուռ կանգնած` լռելայն արտասվում  էին: Տեղեկացնենք, որ մոմավառությունը լուսաբանում էին տեղի հայկական և ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններն ու ԶԼՄ-ները: 
Նշենք, որ մոմավառության ընթացքում Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորված էր հայկական դրոշի եռագույնով՝ ի հարգանք մեր հերոս նահատակների...

 

 Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 3192 անգամ