Հոգևոր այրը ռաբիսի սիրահար.....
2015-12-09 14:45:00

Մեր աչքի առաջ, մեր կյանքի օրոք տեղի են ունենում այնպիսի դեպքեր, որոնց նկատմամբ անտարբեր անցնելը հանցագործությանն է հավասար:  Բավական չէ դեռ, որ այդ իրադարձություններն են հանցանքներ բառի փոխաբերական իմաստը, դեռ մի բան էլ մենք լռում ենք, անտարբեր ենք և այդ դեպքերին հնարավություն ենք տալիս խորանալու, չարորակ ուռուցքի նման հասարակության տարբեր շերտերը ախտահարելու և բարդանալու մինչև այն աստիճան, որ փրկությունն այլևս չլինի: Ինչու՞մն է բանը, կհարցնեն ընթերցողները: Բանն այն է, որ մինչև մեր  հասարակության ուշադրությունը զետեղված է արհեստականորեն ուշադրություն շեղող դեպքերին՝ Հայաստանում, Սփյուռքում մետաստազի նման տարածվում է գաղջը: Այդ ինչպե՞ս: Հենց այնպես, որ իրենց մշակութային և հոգևոր «առաջնորդներ» համարող անհատներ շարունակաբար պղծում են այն ամենը՝ ինչ պետք է, որ համարվեր Սրբություն: Օրինակ՝ ոմն Արա Աբրահամյան  կարող է ժամանակին մի ոմն տաղանդավոր երաժշտի անունը պախարակել` նրան հանձնելով ինչ որ անհիմն մի պաշտոն ամերիկահայ համայնքի մեջ և պղծել այդ գործչի անունը, կամ  ոմն ցածրակարգ երաժշտություն մատուցող երգչի ոմն ինքնակոչ նախագահ կարող է պարգևատրել մեծանուն շքանշաններով և «վաստակավոր» արտիստ կոչմամբ և դրանով բարձրացնել անորակության ու անտաղանդների դերը հասարակության մեջ: Այն է` տաղանդավորի դեպքում` պախարակում, անորակի դեպքում ՝ մեծարում, իսկ արդյունքում ունենում ենք Դեմքը և Իմաստը կորցրած անհոգի մշակույթ: Ամենագլխավորն այս ամենի մեջ  այն է, որ դեռ  այս «պաշտոնյա» և «պարգևատրված» երգիչները ոմն հոգևորականի ծննդյան տոնը պետք է վերածեն էժանագին ազերական ռաբիզ տոնախմբության և լրացնեն այն ամբողջ գաղջ պատկերը, որն անխոս բացասական է ազդելու թե՛ ներկա և թե՛ ապագա սերունդների հայապահպանման  նկրտումների վրա:  Ի՞նչ ասենք այլևս այն բարոյալքված մարդկանց, ովքեր իրենց համարում են «մշակութային գործիչներ» և «հոգևոր հայրեր» զուտ միայն այն բանի համար, որ օգտագործեն այդ դիրքը հասարակությանը ևս բարոյալքելու և բարոյազրկելու համար: Միգուցե մի վերջին հույսով ուղղակի կոչ անենք հետ կանգնե՞լ  ու վերլուծել այն արարքները, որ կատարում են  և կատարում են հատկապես այն համայնքներում, որոնք վտանգված են և ենթակա են ոչնչացման: Կո՞չ հղենք կամ հորդորենք փոխել բարոյալքման ծրագիրը և ստանձնել հայապահպանման դերը, թե՞ ուղղակի պահանջենք այդպիսիններին հեռանալ մեր շարքերից: Փաստը մնում է փաստ, որ լռելու և հանդուրժելու իրավունք չունենք այլևս, միայն ու միայն պայքարելու, մեր շարքերը աղբից մաքրելու և ամեն մեկին իր տեղը ցույց տալու պարտքը ունենք: Անհարժեշտ է սթափեցնել հոգևոր հորը, բացատրելով, որ արմենչիկների երաժշտության տակ քեֆ-ուրախություն կազմակերպելը հարիր չէ հայ եկեղեցու սպասավորին: 
Գրում եմ այս ամենը, սրտի ցավով մտորում, թե որքան շատ սրեր են կախված հայ մարդու գլխին, որքան շատ բան  կա, որ նպաստում է հայի տեսակի վերացմանը և գրեթե ոչինչ չկա, որ նպաստի հայապահպանությանը՝ ի դեմս երեսպաշտ և մեծապատիվ մուրացկան ղեկավար այրերի, որոնց բարոյալքված նկարագիրը և վարած քաղաքականությունը հրում են ազգը դեպի անդունդը: 

Ելքը մնում է գիտակից մասսաին, ով պետք է մերժի ոչ հայկական մշակույթի տարածումը, դրա մեծարումը և սերուդներին որպես ժառանգություն փոխանցումը՝ ի նպաստ մեր դասական վարպետների աշխատանքների տարածման: Տեղին է ասել՝ Կոմիտասն էլ էր հոգևոր հայր, Հովնան Սրբազանն էլ: Համենայն դեպս ինձ համար ընդհանուր եզրեր չկան այս երկու անհատների միջև և համեմատել անգամ չե՛մ ցանկանում: Իսկ ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչու եմ գրում այս տողերը ուղղակի դիտեք կից տեսանյութը, որտեղ «սրբազանները» քեֆ են անում «վաստակավոր» երգչիստների հետ:  http://usarmenianews.com/am-n-236.html 

«Ողբո՛ւմ եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբու՛մ եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:» Մովսես Խորենացի:

Գայանե Աթոյան

Բնապահպանական Իրավագիտության Դոկտոր

 

Այս նյութը դիտել են - 2361 անգամ