ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՄԵՐ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ Է ՀՈՂՒ ՁԱՅՆԸ…
2016-04-07 23:33:00
Ամբողջ հայությունը մեզ հետ է, պատերազմ տանող երկրիս մի փոքր հատվածի հետ, իսկ այդ չար աղետը իր բերած ավերածություններով, մանավանդ մարդկային կորուստներով ու բարոյական փլուզումներով մեզ համար այս օրերին ստեղծեց մի ահեղ սպառնալիք: 
Սա մարդկային գոյության ամենածանր իրադրությունն է, երբ մտածում ես միայն` հաջորդ րոպեին դու կլինես, թե չես լինի քո կենդանի գոյությամբ, երբ ամեն տեղից հրետակոծության է ենթարկվում այն փոքրիկ տարածքը, որտեղ ապրում ես դու:
Փրկություն ես գտնում այդ հողի վրա մի ուրիշ անկյունում, բայց հողի` արկերից ճաքճքած հառաչանքներն են քեզ հասնում և զգում ես, որ այդ պահին մարդը հերոսանում է ոչ միայն պատերազմի առաջին գծում, այլ իր հարազատ հողի վրա, և մարդու մեջ խոսում է հողի ձայնը, որ այնքան տխուր է, տառապած, բայց նաև հերոսացած, համառ ու անսասան:
Հայրենական հողը ամեն պահ մասնակցում է մեր տրամադրությունների խմորմանը և դառնում այն կետը, որտեղից սկսվում է մեր գիտակցության բեկումը: Ու այդտեղից էլ գլուխ է բարձրացնում մի մեծ թախիծ: Երբեմն թախիծդ բռնում է ամբողջ աշխարհը, համատարած շառավիղով փռում է իր թևերը, այդ պահին այնքան է տարածվում, որ ժամանակ ու տարածք չի ճանաչում, հոգումդ բույն է դնում մի անծայր ու խոր տխրություն, բայց երբեմն ուզում ես խավարի մեջ լույս գտնել ու ողողել շուրջդ պայծառ երազանքով:
Հրետակոծության տակ մի անորոշ սարսափ է պատում քեզ, բայց ներքուստ ուզում ես հաստատել աշխարհի հավերժության ու մեծության միտքը, հույսի մեղեդին ձուլում ես հոգուդ մրմունջներին, աղերսանքի նման տարածում ամենուր, և փորձում մարդասիրության զգացում տարածել ամենուր:
Պատերազմը մեզ համար այս օրերին դարձավ մարդու ճանաչման մի մեծ փորձարան` տագնապներով ու ողբերգական անցքերով, մարդկանց հերոսական բնավորություններով, որտեղ ազատության, սեփական հողիդ վրա ապրելու իրավունքի համար անկոտրում կամքով ու արիությամբ հերոսներ են անմահանում, և կողքիդ քայլող մարդիկ դառնում են խիզախության ամրակուռ ոգի ու լեգենդ:
Այս պատերազմը մեզ պոկեց մեր խաղաղ աշխատանքից, իր հետ բերեց ավերածություններ, մեր այս ապրած օրերի սարսափի մասին դեռ կկարողանամ խոսել, իմ գրիչն այս օրերին չի լռել, նրա արձանագրած տողերը դեռ շատերը կկարդան, բայց այս պահին ես երազում եմ` բոլորս վերադառնանք մեր բնակավայրը, նորից վերականգնենք մեր օջախները և անցնենք խաղաղ աշխատանքի…Ցավում եմ, որ այսօր մեզ չերաշխավորեցին, որպեսզի իրականանա իմ հանդիպումը գնդակոծված քաղաքիս հետ, որին այնքան սրտատրոփ սպասում եմ…
Քանի մոտենում է պահը, այնքան սիրտս անհանգիստ տրոփում է, բայց գիտեմ, որ այն շուտով կլինի…
 

Նատաշա Պողոսյան
 

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի 

 
Այս նյութը դիտել են - 1535 անգամ