Արտահերթ թողարկում. իրավիճակը շփման գծում 07.04.2016
2016-04-07 03:10:00

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման բազմաթիվ դեպքեր:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի եւ ականանետերի կիրառումից բացի, ձեռնարկել է նաեւ հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը եւ հետ շպրտել ելման դիրքեր:

Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:

Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողել է Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 36-ամյա Բայրամովի դին` հետ է շպրտվել:

Դիվերսիոն ներխուժման փորձից առաջ  շփման գծի Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Գասպարյանը:

Ապրիլի 6-ին Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև ականանետերից: ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար:

NEWS.am-ի թղթակիցն այցելել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որն ամենաշատն է տուժել ադրբեջանական հրետակոծությունից: Թալիշում ամենուր ավերված տներ են, սատկած անասուններ, գյուղացիները որոշ ժամանակով լքել են իրենց բնակավայրերը, սակայն վերադառնալու մտադրությամբ:

Թալիշ գյուղի բնակֆոնդի մոտ 30 տոկոսը տուժել է, վարչական շենքներն՝ ավելի շատ:

Այս պահին բոլոր ստորաբաժանումները համալրված են, մյուս կամավորականները պետք է զբաղվեն պատրաստությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն Արցախ: Նման ուղերձով է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Առաջիկա օրերին Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները կայցելեն Արցախ ՝ իրենց զորակցությունը հայտնելու հայոց քաջ բանակին եւ Ղարաբաղի մեր ժողովրդին:

news.am

Այս նյութը դիտել են - 2230 անգամ