Ադրբեջանը հրետակոծեց «ТОС 1»-ից, որը ՌԴ-ից ձեռք էր բերել առանց նախապես վճարելու
2016-04-05 01:47:00

Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմն այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացի նախօրեին գործածության մեջ դրված զինատեսակներից, սկսել է կիրառել նաեւ սեփական զինանոցում կուտակված «ТОС 1»   տիպի ծանր հրանետային համակարգեր: 

Փորձագետների կարծիքով, այս զինատեսակը շատ վտանգավոր եւ ծանր սպառազինություն է ե՛ւ օգտագործողի, ե՛ւ նրա համար, ով հայտնվում է դրա թիրախում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը «ТОС 1»-ը համակարգերը Ռուսաստանից ձեռք է բերել առանց նախապես վճարելու, այսպես ասած, բանավոր համաձայնեցմամբ: Մարտին ռուսական լրատվամիջոցներն անդրադարձան այս խնդրին. ռուսական «Կոմերսանտը» գրել էր, որ մարտի 3-ին Բաքվում կայացել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում պիտի քննարկվեին 2 երկրների միջեւ ռազմական համագործակցության թեմաները։


Ըստ նույն աղբյուրի, էներգետիկ ռեսուրսների՝ նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանն ի զորու չէ վճարել Ռուսաստանին զենքի մատակարարման, այդ թվում՝ «ТОС 1» համակարգերի դիմաց նախկինում կնքված պայմանագրերով:

Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել այս երկու կողմերը, արդյոք վճարե՞լ է Ադրբեջանն իր պարտքը, ռուսական աղբյուրները լռում են: Համենայնդեպս, նավթի միջազգային գները մինչ օրս շարունակվում են ռեկորդային ցածր մնալ: Հիշեցնենք, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարելի է ասել, ոչ համաչափ մոտեցում է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ. ՌԴ-ն Հայաստանին երբեւէ «ապառիկով» զենք չի վաճառել, փոխարենը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել, որը պետք է ուղղվեր ռուսական արտադրության զինտեխնիկա գնելուն: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

aravot.am
Այս նյութը դիտել են - 1596 անգամ