Լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին. պայմանագրային զինծառայող է վիրավորվել
2016-04-05 09:17:00

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Կոթի բնակավայրերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը հայ դիրքապահների եւ բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 եւ 82մմ ականանետեր:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):

ՀՀ զինված ուժերը դրսեւորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Այս նյութը դիտել են - 1362 անգամ