Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա
2016-04-04 05:05:00

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հրապարակել է նոր հռչակագիր, որում դատապարտել է Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու համար։

Ինչպես հայտնում է Asbarez-ը, փաստաթղթում ասվում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները որակվում են որպես միջազգային իրավունքի խախտում:

«Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումն անչափ վտանգավոր է, քանի որ այն խախտում է 1994թ. կնքված հրադադարի ռեժիմը, ինչպես նաև հակասում է Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների սկզբունքին: Դա նաև միջազգային օրենքի լուրջ խախտում է, որը մենք ևս դատապարտում ենք:


Ավելին` քաղաքացիական օբյեկտները որպես ռազմական թիրախ օգտագործելը լիովին հակասում է զինված հակամարտության վարման հիմնարար կանոններին։ Նման բաները պետք է արգելվեն:


Տարածքային վեճերը նման բռնությամբ լուծելու դեպքում զոհեր են գրանցվում նաև խաղաղ բնակչության շրջանում, ինչն արդեն բարբարոսություն է:


Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել Մինսկի խմբի հետ բանակցությունները»,-նշվում է 35 անդամ պետություն ունեցող կազմակերպության հռչակագրում։

Այս նյութը դիտել են - 1649 անգամ