Դավիթ Տոնոյանը դեսպաններին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը...
2016-04-02 13:38:00

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը քիչ առաջ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին:

Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում ձեւավորված իրավիճակը եւ հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։

Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր:

Այս նյութը դիտել են - 1595 անգամ