Երեկոյան նախագահի նստավայրում տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ ...
2016-04-02 04:22:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր:

Նշենք, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրավիճակի լարման մասին: Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի խոսքով, մոտակա ժամերին Հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:

Այս նյութը դիտել են - 1656 անգամ