Օրենքների ու չափորոշիչների սահմանների մեջ չտեղավորված ուսուցչուհիս խախտե՞լ է իր դասաժամը...
2016-03-22 12:45:00

Աղասյան Կարինե-12-րդ դասարան

Սահմանի մոտ հրետանային կրակոցներ են, իսկ սահմանից ոչ շատ հեռու դպրոցի աշակերտներն են երգում:
 

Այդ օրը սահմանից եկող հրետանային կրակահերթերի արձագանքները մեզ էին հասնում, և ամեն մի դասարան մտնելով` ձգտում էի խուսափել դեմքիս հայտնված տագնապի ու անհանգստության արտահայտությունից: 


12-րդ դասարանի դռան շեմին դասղեկն ասաց, որ դասարանի աշակերտուհիներից մեկի ծննդյան տարեդարձն է, բայց քանի որ դասի ներսի զանգը հնչել էր, չի ուզում գրականության դասը խանգարել, դասերից հետո կմնան` շնորհավորելու...

Գուցե և ստեղծված իրավիճակն էր պատճառը, ես առաջարկեցի այդ շնորհավորական փոքրիկ արարողությունը, որ ընդունված էր նշել դասերից հետո, հենց իմ դասաժամին էլ անցկացնել:  
Կարինե՛ Աղասյան, մի սիրուն աղջիկ, խելոք, շատ ուշիմ, սիրում է երգել, հմայել սրտեր...

Աշակերտներն իրենց բարեմաղթանքներով բարձրաձայն շնորհավորեցին, իսկ նրա աչքերում արցունքներ կային... Զարմացած նայում եմ, պատճառը չեմ հասկանում, բայց այդ պահին անչափ սիրեցի այդ արցունքները, որոնք ժպիտով էին միախառնված, ու միանգամից հարցրի աշակերտներին. «Երբ կրակոցների ձայներ եք լսում, վախենո՞ւմ եք դուք»: Հարցն անսպասելի էր, այդ արարողության հետ ամենևին կապ չունեցող, զարմացած ինձ նայեցին, ապա աշակերտուհիներից մեկն արձագանքեց. «Մի ներքին տագնապ, վախի զգացողություն ծնվում է յուրաքանչյուրիս մեջ, բայց որպեսզի մյուսները խուճապի չմատնվեն, ձայն չենք հանում»: 
 Հայացքս հառեցի մյուսներին ու միանգամից մեկը մյուսին լրացնելով` նրանք բարձրաձայնեցին. «Բայց ո՞վ է ասում, որ մենք վախենում ենք...»: Ապա արցուքախառն աչքերով մեր համեստ աշակերտուհին դասղեկի և մյուս աշակերտների առաջարկությամբ սրբեց արցունքներն ու սկսեց երգել: 

Այնքա՜ն հմայիչ, գերող էին երգի ելևէջները, որ մոռացել էի Շիրազի հայրենասիրական քնարերգությունն ամփոփող այդ օրվա իմ դասանյութը: Նրա երգին միացան մյուսները. հիացմունքը պատել էր հոգիս...

Սահմանի մոտ հրետանային կրակոցներ են, իսկ սահմանից ոչ շատ հեռու դպրոցի աշակերտներն են երգում:
 
Քիչ հետո անցնում եմ հիմնական դասանյութին` մեծ հանճարի ստեղծագործություններին, բայց նաև մտորում եմ` էլեկտրոնային մատյանում գնահատականներ պետք է դրվեն, այս դասաժամին ու՞մ կհասցնեմ դաս հարցնել....

Խախտե՞լ եմ իմ դասաժամը, օրենքների ու չափորոշիչների սահմանների մեջ չտեղավորված ուսուցչուհիս ու՞մ պիտի պատասխան տար, որ այդ դասաժամից մի քանի րոպեներ օծել էր գեղեցկությամբ, այն մեծ հավատով, որ երբ թնդում են թնդանոթները, մուսաները չեն լռում, նորից թափ են առնում ու հնչեցնում երգը` միախառնված սահմանային կրակահերթերին:

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջն. դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1894 անգամ