Ամերիկացի մեծահարուստները առաջարկում են ավելացնել իրենց հարկերը...
2016-03-21 13:20:00

ԱՄՆ Նյու Յորք նահանգում բնակվող 40 միլիոնատերներ նամակով դիմել են դեմեկրատ նահանգապետ Էնդրյու Քուոմոյին` առաջարկելով ավելացնել իրենց հարկերը: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

Ըստ միլիոնատերների, եթե Նյու Յորք նահանգի առավել հարուստ մարդկանց 1 տոկոսի համար լրացուցիչ հարկ կիրառվի, ապա գոյացված միջոցները թույլ կտան լուծել մանկական անօթեւանության եւ աղքատության հարցը, ինչպես նաեւ հնարավոր կլինի վերականգնել հին կամուրջները, թունելները, ջրագծերը եւ ճանապարհները:

Նամակը, որում ԱՄՆ այս ապահովված քաղաքացիները հայտնում են իրենց քաղաքացիական եւ սոցիալական պատասխանատվության մասին, ստորագրել են նաեւ հայտնի պրոդյուսեր Էբիգեյլ Դիսնեյը, InterMedia Partners-ի ղեկավար Լեո Հինդերին եւ Ջոն Ռոքֆելլերի ժառանգ Սթիվեն Քլարք Ռոքֆելլերը:

Ներկայում ԱՄՆ-ում տարեկան 1.06 միլիոն դոլարից ավել եկամուտ ունեցող քաղաքացիները առավելագույն` 8.82 տոկոս հարկ են վճարում: Ըստ նոր հարկային ծրագրի,ենթադրվում է, որ տարեկան 1-2 միլիոն դոլար եկամուտ ունեցող քաղաքացիները գանձարան պետք է վճարեն 9.35 տոկոս հարկ, 2-10 միլիոն դոլար աշխատողները` 9.35 տոկոս, 10-100 միլիոն դոլար եկամուտ ունեցողները` 9.65 տոկոս հարկ: Իսկ բոլոր նրանք, ովքեր 100 միլիոնից ավել եկամուտ ունեն, կվճարեն արդեն 9.99 տոկոս հարկ:

Այս օրինագիծը, սակայն, RBC-ի փոխանցմամբ, դիմադրության է արժանանալու նահանգի խորհրդարանականների կողմից. դեմոկրատները հարկերի ավելացման սեփական ծրագիրն ունեն, իսկ հանրապետականներն ընդհանրապես դեմ են դրան:

armtimes.com
Այս նյութը դիտել են - 1508 անգամ