Ռոմանտիզմ էր. Արաբկիրի թաղապետ Լիդերն իր ճկույթը կտրելու և Վովա Գասպարյանին ուղարկելու մասին
2016-03-18 21:13:00

 

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին մասնակցում էր նաև Արաբկիր համայնքի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանը, որը հանրությանն ավելի հայտնի է Լիդեր Հովո մականունով։ Նիստի ավարտից հետո «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նորանշանակ թաղապետին, որն իր ֆեյսբուքյան էջը նշանակման օրվանից ողողում է աշխատանքային լուսանկարներով։

-Պարոն Վարդանյան, Դուք մի քանի օր է ինչ թաղապետ եք նշանակվել, բայց արդեն իսկ հասցրել եք մի լավ աշխատանքային ֆոտոսեսիա անել։ Այդքան զբաղվա՞ծ եք արդեն համայնքի խնդիրներով։

-Փորձում եմ ակտիվ աշխատեմ, ուսումնասիրեմ, բայց դեռ համայնքի խնդիրների ուսումնասիրման փուլում եմ։

-Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Դուք չլինելով ՀՅԴ կուսակցության անդամ, ՀՅԴ քվոտայով դարձաք թաղապետ։

-Կուսակցական չեմ, բայց գաղափարակից, զինակից եմ։

-ՀՅԴ-ի՞ց Ձեզ առաջարկեցին թաղապետ նշանակել։

-Այո։
-Բայց մամուլում լուրեր հայտնվեցին, որ Դուք թաղապետի պաշտոնի համար բավական կլորիկ գումար եք տվել կուսակցությանը։

-Անհեթեթություն է (ժպտում է)։

-Իսկ հնարավո՞ր է թաղապետ նշանակվելուց հետո արդեն պաշտոնապես անդամակցեք ՀՅԴ-ին։

-Ժամանակի ընթացքում հնարավոր է, իհարկե։

–Պարոն Վարդանյան, իսկ ճի՞շտ է, որ Դուք տարիներ առաջ Ձեր ձեռքի ճկույթ մատը՝ ի նշան հավատարմության կտրել և ուղարկել եք ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

-Դա երիտասարդ տարիների ռոմանտիզմ էր։ Հիմա չեմ ուզում դրանից խոսել։
1in.am
Այս նյութը դիտել են - 2272 անգամ