Մայրաքաղաքի դիմագիծը վեհացնող կառույց
2015-12-06 09:57:00

Ես այս կառույցի նախագիծը վաղուց էի տեսել ու...հիացել էի... Մտածում էի` միթե այս անձեռակերտ ճերմակությունը կարող է նույնությամբ` առանց խաթարման կյանքի կոչվել: Պարզվեց` հնարավոր է: Այսօր տեղի ունեցավ Նարեկ Սարգսյանի հեղինակած Կառավարության նոր շենքի բացման արարողությունը /որտեղ, ըստ տեղեկությունների, պետք է տեղավորվեն 5 նախարարություններ/: Ոչ միայն երկրի մայրաքաղաքը, այլեւ` հայրենիքը հարստացավ մի նոր արժեքով: Իսկապես առանց հիացմունքի հնարավոր չէ ընդունել այս իրողությունը: Կառավարության նոր շենքը ազգային ու եվրոպական տարրերով մտահղացված եւ իրագործված համալիր է, որտեղ ակնառու են թամանյանական Կառավարության շենքի զարդանախշերը: Պետք է ողջունել եւ գնահատել այս բացառիկ կառույցը: Ինձ որ` խանդավառում է: Լինելով բնիկ երեւանցի` ինձ երջանկացնում է նաեւ նոր Երեւանը /անկախ նրանից, որ քաղաքաշինական խնդիրների լուծման գործում ինչ­ինչ թերացումներ ու բացթողումներ են եղել/: Դա բնական է:Աշխարհի ոչ մի մայրաքաղաք առանց վեճերի ու աղմուկի չի կառուցվել ու վերակառուցվել: Ոչ մի մայրաքաղաք` առանց դարի ու ժամանակի զգացողությունը չունեցող ,,թշնամական բանակի,, գոյության չի կայացել: Ինձ իսկապես փառավորում է այս համալիրը, որը թարմության, մաքրության, անաղարտության, անսպասելիության զգացումներ է առաջացնում իմ մեջ: Ճիշտ է Մեծն Թումանյանը: Պետք է կարողանալ վերածնվող հայրենիքի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերել.... Շնորհավո՛ր Ճարտարապետ, շնորհավո՛ր երկիր ...

Կիմա Եղիազարյան

Այս նյութը դիտել են - 1694 անգամ