Մարտի 11-ին անվտանգության նկատառումներով չեղարկվել էր Թրամփի ելույթը Չիկագոյում...
2016-03-14 21:05:00

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը հերքել է մեղադրանքները, թե ինքը բռնություն է խրախուսում իր հանրահավաքներին։ Ինչպես հայտնում է Politico պարբերականը՝ նա իր նախընտրական արշավն անվանել է «սիրո տոն»։

Նա մեղադրել է ԶԼՄ-ներին դեպքերն ուռճացնելու մեջ։ «Գիտե՞ք, թե քանի մարդ է տուժել իմ հանրահավաքներին։ Գրեթե ոչ ոք։ Միգուցե ինչ-որ մեկին մի անգամ հարվածել են, սակայն բռնություն չկա»,- հայտարարել է գործարարը Հյուսիսային Կարոլինա նահանգի Հիկորի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ պարբերաբար հանրահավաքներին անկարգություններ են տեղի ունենում, սակայն ընդհանուր առմամբ դրանք բավականին խաղաղ են անցնում։

Մարտի 13-ին հաղորդվել էր, որ Օհայոյում կողմնակիցների հետ հանդիպմանը Թրամփի վրա հարձակվելու փորձ է արել մի սևամորթ ակտիվիստ։ Անվտանգության աշխատակիցները շրջապատել էին նախագահի թեկնածուին։ Ավելի ուշ ձեռնարկատերը հայտարարել էր, որ հատուկ ծառայությունները կանգնեցրել են մոլագարի, որը կապված է ԴԱԻՇ-ի հետ։

Մարտի 11-ին անվտանգության նկատառումներով չեղարկվել էր Թրամփի ելույթը Չիկագոյում։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի նոյեմբերի 8-ին։

Այս նյութը դիտել են - 1422 անգամ