ԻՄ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ՇԱՏ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ Է...
2016-03-12 23:50:00

Սոֆյա Մելքոնյան
6-րդ դասարան 


Դպրոցական կյանքում ինձ ամենից շատ դուր է գալիս դասղեկիս ժպիտը և աշակերտների հետ նրա վերաբերմունքը:

Ընթերցում եմ այս տողերը ու մի պահ կանգ եմ առնում:

Որքան զարմանալի, նույնքան հրապուրիչ էր արտահայտությունը, որ լսեցի այս շատ սիրուն, համեստ աղջնակից, որ անվերջ ինձ էր նայում անմեղ, շատ քնքուշ ժպիտով:

Անցած ուսումնական տարվանից նա սովորում է մեր դպրոցում, հայրիկը զինվորական է, մեր մի բուռ հայրենիքի սահմաններն է պաշտպանում, մեզ մոտ են տեղափոխվել Հայաստանից:
Խոսքը դրանով չի ավարտվում, նա շարունակում է. «Դասղեկս մեզ հետ շատ ջերմ է, նույնիսկ եթե երբեմն բարկանում է, մեկ է, էլի նա ինձ դուր է գալիս, նա ամենալավ ուսուցչուհին է»:

Սոֆյա Մելքոնյան... Շատ կոկիկ է նա, գեղեցիկ, հանգիստ, ու ես հիշում եմ, երբ օրեր առաջ ինձ հարց էր տվել. «Տիկի՛ն Պողոսյան, Դուք Փարիզում եղե ՞լ եք»:
Գլխի շարժումով հասկացնում եմ նրան, որ չեմ եղել ես այդ քաղաքում, իսկ նա նորից է խոսք ավելացնում. «Դուք կցանկանայի ՞ք բայց այնտեղ ապրել»:
Մի պահ լռում եմ, ու նորից ասում. «Իմ տուն օջախը Արցախն է, որ կա, ուրիշ տեղ երբեք չեմ կարող ապրել»:

Այս անգամ ես եմ նրան ասում, թե ինչո ՞ւ է նա այդպես հարցնում: «Իմ ուսուցչուհին շատ բարձրակարգ է ու նաև` շատ կիրթ, կարծես այս տեղը իրեն հարմար չէ»:

Զարմացած եմ ես, ու չեմ էլ հասցնում ինչ-որ բան ասել, երբ նա հանկարծ իրենն է պնդում. «Հայաստան գնալիս ուզում եմ անպայման Դուք էլ գաք մեզ հետ»: Ուրախ եմ անչափ, որ իմ աշակերտուհին հայոց աշխարհի բույրերն էր բերել Արցախ աշխարհիս, ու իր ուսուցչուհուն ուզում է տանել մի նոր աշխարհ, որ իմն է նաև:

Դասարանցիների հետ բար-սրճարան ենք ուզում գնալ...Քարքարոտ, փոշոտ փողոցն ենք անցնում, իսկ նա հանկարծ նայում է ինձ ու այսպես ասում. «Մեր տունն այստեղից մոտիկ է շատ, գնանք մեզ մոտ, հայրիկս մեքենայով Ձեզ տեղ կհասցնի»:

Մտովի գրկում եմ այս սիրուն աղջնակին, արտաքուստ հանկարծ ժպտում եմ նրան. «Ինչ լավ է, որ ես ապրում եմ այս փոշոտ, քարքարոտ քաղաքում, կողքիս անվերջ պատերազմի հետքեր կան , բայց նաև այսպես` հոգով գեղեցիկ, սիրուն բալիկներ»:
 
Նատաշա Պողոսյան,
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 4519 անգամ