Ջաղինյանը ծառատունկն այդպես է հասկանում. պիտի նախ կտրել, հետո տնկել
2016-03-10 12:29:00

 

Երկար տարիների այն մեծ անհանգստությունը, որ մեր երկրում ոչ մի աճ չի գրանցվում, վերջապես մնաց անցյալում: Հիմա մենք կարող ենք հպարտանալ ոչ միայն աճով, այլև գերաճով: Եվ այդ ուրախալի լուրը ժողովրդին է հաղորդել Երևանի քաղաքապետարանը: Իսկ աննախադեպ հաջողության նախապատմությունն այսպիսին էր:

Դեռ երեկ ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևանի կենտրոնում՝ Ռադիոտան բակում, տասնյակ ծառեր են հատվում։ Կանաչ սպանդի զոհ էին դարձել մոտ 25–30 արծաթափայլ եղևնիներ, բողբոջած ու նոր-նոր տերևակալած տարբեր ծառեր։

Փորձառու բնապահպանների համար դժվար չէր կռահել, թե ով է կանգնած այդ հանցագործության թիկունքում և նրանք դիմեցին Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին: Սա անմիջապես խոստովանեց. «Իհարկե, տեղյակ եմ: Ծառատունկի ենք պատրաստվում, այստեղ մեծ ծառատունկ է շուտով լինելու, գեղեցիկ, նոր ծառեր ենք տնկվելու»։

Զարմացա՞ծ եք: Ինչու՞: Մի՞թե կարելի է Ջաղինյանի արարքների վրա զարմանալ: Այս մարդը ծառատունկն այդպես է հասկանում. պիտի նախ կտրել, հետո տնկել: Ընդ որում, նա ամեն տեղ է այդպես վարվում՝ սկզբում ոչնչացնում է, հետո մտածում է, թե դրա տեղն ինչ կարելի է դնել:

Սակայն հիմա Ջաղինյանը համախոհ ունի՝ հանձին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, որտեղից իրենց ուղղված հարցմանը պաշտոնապես պատասխանել են. «Նշված տարածքում գտնվող ծառատեսակներն, ըստ մասնագետների ուսումնասիրության, գերաճ են տվել։ Այս ամենը վկայում է ծառերի վերափոխման անհրաժեշտության մասին»։

Հիմա հասկացա՞ք, թե որտեղ ենք գերաճ արձանագրել: Ափսոս միայն, որ Ջաղինյանը թույլ չտվեց վայելել այդ աննախադեպ թռիչքը: Մեր գերաճը կացնահարվեց մի քանի ժամերի ընթացքում:
shame.am
Այս նյութը դիտել են - 1349 անգամ