Խորհրդակցություն ԱԻՆ-ում. նախատեսվում է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հանդիսավոր բացումը...
2016-03-09 10:59:00

Մարտի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հանդիսավոր բացման նախապատրաստական աշխատանքները: Կենտրոնի բացումը նախատեսվում է մարտ ամսվա վերջին: 

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը նախորդ տարվա մայիսին Մոսկվայում ստորագրել են նախարար Ա. Երիցյանը և ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովը:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը նպաստելու է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների հզորացմանը, ինչպես նաև բարձրացնելու է բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:

Կենտրոնը կնպաստի նաև մարդասիրական արձագանքման խնդիրների լուծմանը Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև՝ երրորդ երկրների տարածքում։

Համատեղ կենտրոնը դառնալու է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների փորձարկման և ներդրման կենտրոն: Այն նաև կատարելու է ուսումնական կենտրոնի դեր` տարածաշրջանի և ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համար:

Կենտրոնը հագեցած է լինելու նորագույն տեխնիկայով, ինչպես նաև՝ աշխատանքային և կենսապահովման բոլոր պայմաններով: 

Նախարար Ա. Երիցյանի հանձնարարականով՝ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքներով:

Խորհրդակցության ավարտին նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում շնորհեց ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանին: 
Այս նյութը դիտել են - 1562 անգամ