Քվեարկությունն ընթանում է բնականոն ընթացքով. Տիգրան Մուկուչյան
2015-12-06 08:49:00

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 1997 տեղամաս և նույնքան էլ տեղամասային հանձնաժողով։ Այս մասին այսօր տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը ասաց, որ նշված տեղամասերից 8-ը տեղակայված են Քրեակատարողական հիմնարկներում, որոնք հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն դրանցից մեկը պետք է բացվի ժամը 11-ին, մյուսները՝ 17։00-ին։ Մնացած 1989 տեղամասային կենտրոնները բացվել են առավոտյան ժամը 8։00-ին ու ընդունել առաջին քվեարկողներին։

«Նշված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ընդհանուր առմամբ, նշանակված են եղել 15 հազ. 976 քաղաքացիներ, որպես հանձնաժողովի անդամներ։ Այսօր առավոտյան աշխատանքներին չեն ներկայացել ընդհանուր թվով 141 հանձնաժողովի անդամ, որոնց փոխարեն սահմանված կարգով նշանակումներ են եղել՝ համապատասխան ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից։ Նաև տեղեկացնեմ, որ ըստ ընտրատարածքներից ստացված տեղեկատվության, տեղամասերի բացման պահին տեղամասերի մոտ 85-90%-ում ներկա են գտնվել վստահված անձինք, դիտորդներ կամ ԶԼՄ ներկայացուցիչներ»,-ասաց նա։

Վերջում Տիգրան մուկուչյանն ընդգծեց, որ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տեղեկատվության՝ տեղամասերը բացված են ու քվեարկությունն ընթանում է բնականոն ընթացքով։

 
Այս նյութը դիտել են - 2007 անգամ