Տեսնես այդ որտե՞ղ է Արսենյան Գուրգենը նկատել սերունդների փոփոխություն....
2016-03-05 22:28:00

 
Վերջին օրերին մեծ թափ հավաքած կադրային փոփոխությունները, որոնք փաստացի ուժերի վերադասավորման նախանշաններն են մեծ ճակատամարտից առաջ, տարատեսակ մեկնաբանությունների արժանացան: 

Սակայն այդ տպավորություններից ամենատարօրինակն այն է, որ ոմանց կարծիքով տեղի ունեցածը իշխանության ներսում առողջացմանն ու սերնդափոխությանը միտված գործընթաց է:

Այդպես է մտածում նաև Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա համոզված է, թե հիմա մենք ականատեսն ենք սերնդափոխության պրոցեսին:

Տեսնես այդ որտե՞ղ է Արսենյան Գուրգենը նկատել սերունդների փոփոխություն: Եթե զառամյալ, հազիվ ոտքի վրա կանգնող պաշտոնյային վերջապես պոկում են իր աթոռից, մի բան, որը վաղուց արած պիտի լինեին, դա՞ է սերնդափոխությունը:

Եթե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում հանրապետական մի քանի պաշտոնյա իր տեղը զիջում է դաշնակ մի քանի այլ պաշտոնյաների, որոնք արդեն 20 տարի հրապարակի վրա են, սա՞ է սերնդափոխությունը: Թե՞ սերնդափոխություն է այն, որ գործադիրի մի ոլորտից չինովնիկների մի խմբի տանում են աշխատելու նույն գործադիրի մեկ այլ ոլորտ:

Վերջին երկու ամիսների ընթացքում կատարված նշանակումներից և ոչ մեկը դեռևս չի ենթադրում իշխանական միջացքներում թարմ շնչի առկայություն: Երկու ամիսների որևէ փոփոխություն չի ենթադրում նաև արմատական շրջադարձ այս կամ այն ճյուղում: Երկու ամիսների որևէ պաշտոնաթողություն հեռացողի համար դեռ չի նշանակել ճանապարհ դեպի վաստակած հանգիստ:

Իսկ ճշմարիտ սերնդափոխությունն այն կլիներ, որ, օրինակ, խորհրդարանի պատգամավոր չլիներ Գուրգեն Արսենյանը, քանի որ նա ԱԺ է եկել սեփական բիզնեսն ապահովագրելու նկատառումներով ու նրա համար միևնույն է, թե որ քաղաքական ուժի հետ դա կիրագործի:

Իսկ եթե Արսենյանի մանդատը տրվեր գիտակից, կենսունակ, երկրի շահն անձնանականից վեր դասող որևէ երիտասարդի, այդ ժամանակ Արսենյանն էլ, մյուսներն էլ իրենց մաշկի վրա կզգային, թե ինչ ասել է փոփոխություն: Թե չէ ճահճի ներսում կեղծ ալեբախություններ անելով ճահիճը ծով չի դառնա:
 
shame.am
Այս նյութը դիտել են - 1662 անգամ